ՖԻՖԱ-ն սկսում է օֆսայդի նոր կանոնի փորձարկումը

ՖԻՖԱ-ն Կանադայի Պրեմիեր լիգայի (CPL) հետ համատեղ կսկսի «խաղից դուրս» վիճակի որոշման նոր կանոնի փորձարկումները։ Այս մասին հայտնում է CPL-ի մամուլի ծառայությունը։

Նորամուծության գաղափարը պատկանում է Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին։ Ըստ նրա առաջարկի՝ օֆսայդ պետք է արձանագրվի միայն այն դեպքում, երբ հարձակվող թիմի ֆուտբոլիստը փոխանցման պահին ամբողջ մարմնով գտնվում է վերջին պաշտպանից առաջ և ազդում է խաղային դրվագի վրա։ Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդը (IFAB), որն իրավասու է փոխել ֆուտբոլի կանոնները, արդեն հավանություն է տվել այս փորձարկումներին:

«Վերանայված մոտեցման համաձայն՝ հարձակվողը չի համարվի «խաղից դուրս» վիճակում, եթե նրա մարմնի գոնե մեկ հատվածը, որով հնարավոր է գոլ խփել (բացի ձեռքերից), փոխանցման պահին գտնվում է նախավերջին պաշտպանի հետ նույն գծի վրա կամ նրանից հետ:

Խաղացողը կհամարվի օֆսայդում միայն այն դեպքում, երբ նրա և պաշտպանի միջև բառացիորեն ազատ տարածություն կա: Փաստացի, հարձակվողը պետք է ամբողջությամբ գտնվի նախավերջին պաշտպանից առաջ, որպեսզի հայտնվի խաղից դուրս վիճակում։ Այս հստակ տեսողական շեմի ներդրումը նպատակ ունի առավելություն տալ հարձակվող թիմին և մեծացնել խաղի դիտարժանությունն ու դինամիկան»,- նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Որպես էքսպերիմենտ՝ CPL-ն կներդնի նաև Ֆուտբոլային տեսակրկնությունների աջակցության (FVS) նոր համակարգը։ Այն օգտագործում է հեռարձակման հասանելի տեսագրությունները, սակայն, ի տարբերություն VAR-ի, այստեղ չկան հատուկ տեսամրցավարներ. կրկնապատկերի դիտման պահանջը նախաձեռնում են թիմերի գլխավոր մարզիչները։

Յուրաքանչյուր թիմ մեկ խաղում կունենա տեսակրկնություն պահանջելու 2 հնարավորություն: Պահանջը կարող է կիրառվել միայն խաղի ելքի վրա ազդող «հստակ սահմանված իրավիճակներում»՝ գոլեր, 11-մետրանոցների նշանակում կամ չեղարկում, ինչպես նաև ուղիղ կարմիր քարտեր: Եթե դիտումից հետո մրցավարի սկզբնական որոշումը փոխվի, թիմը կպահպանի կրկնապատկեր պահանջելու իր հնարավորությունը։

Բացի այս ամենից, խփված բոլոր գնդակներն ինքնաբերաբար կստուգվեն գրոհի զարգացման փուլում հարձակվող թիմի կողմից հնարավոր ակնհայտ խախտումները բացահայտելու նպատակով:

Leave a Comment