Նիկոլ Փաշինյանը Մայիսի 1-ին՝ աշխատավորի օրը, կամ, ինչպես ինքը կասեր՝ «հերոս հարկատուների» տոնին, ընտրություններին ընդառաջ, ուզում է մեծ տոնակատարություն կազմակերպել։ Ասում են՝ նա ուզում է փողոցները լցնել խինդ ու ծիծաղով, քյաբաբ-խորովածով ու զուռնա դհոլով․ մի խոսքով՝ «пир во время чумы»։
Չենք քննարկում այն, թե իր արած որ լավ արարքի համար և ինչ սրտով է ուզում քեֆ-ուրախություն սարքել Փաշինյանը, արձանագրենք պարզապես այն, որ այս ամենն արվում է ընտրազանգվածներ հավաքելու և մարդկանց սիրաշահելու համար։ Այլ կերպ ասած՝ փորձում է ձայներ կորոզել մի փոր հացի դիմաց։
Իհարկե, նրա խայծը միայն հիմարները կուլ կտան, բայց խնդիրը միայն սա չէ։
NEWSPRESS.am-ի տեղեկություններով` Փաշինյանն այս խնջույքն անում է ոչ թե իր, այլ գործարարների հաշվին։ Ինչպես ասում են՝ հարսի քողով փեսուն լավություն է անում։
Մեզ հասած տեղեկություններով` նա հավաքել է գործարարներին և կոնկրետ գումար հատկացնելու պարտավորվածություն դրել նրանց առաջ․ յուրաքանչյուր գործարար Նիկոլի կազմակերպած փողոցային խորովածային քեֆ-ուրախության համար պետք է հատկացնի 18 մլն դրամ՝ անվերադարձ։
Մեզ նաև լուրեր են հասել, որ գործարարները դժգոհել են Փաշինյանի կամակորություններից։ Նրանք ասել են, թե կինն իր հերթին է քամում իրենց, ամուսինը՝ իր։
Բոլորն արդեն հոգնել են, բայց դեռևս լուռ ու հնազանդ են։
Արմինե Մկրտումյան