18-ամյա Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվել է

Կիրակի Սուրբ Աննա եկեղեցում կատարված միջադեպից հետո ձերբակալված 18-ամյա Դավիթ Մինասյանը կալանավորվել է 2 ամսով։

 Ավելի վաղ Դավիթ Մինասյանի մայրը նամակ էր գրել դատարանին՝ հայտնելով, որ տղան առողջական խնդիրներ ունի։

«Առողջական խնդիրներով պայմանավորված՝ դեռևս չորս տարեկանից Դավիթն ունի շուրջօրյա հատուկ խնամքի կարիք։ Ինքս, լինելով մասնագիտությամբ բժիշկ, ամենօրյա ռեժիմով հոգ եմ տանում նրա առողջության մասին։ Ես` որպես ծնող, որպես մայր, խնդրում եմ Ձեզ ըմբռնումով մոտենալ իմ խնդրանքին, քանի որ 18-ամյա տղայիս առողջական վիճակն իսկապես անհամատեղելի է կալանքի հետ և կարող է ունենալ ճակատագրական հետևանքներ»,- գրել էր մայրը:

 Միջադեպի առթիվ հարուցված քրեական վարույթով 3 անձի նկատմամբ հարուցված է հանրային քրեական հետապնդում:

Միքայել Մինասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: Երրորդ մեղադրյալ Գևորգ Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 5 մլն դրամ գրավը և բացակայելու արգելքը:

Leave a Comment