Թրամփ․ Իրանի հարստացված ուրանի պաշարները շատ խորն են, դժվար կլիներ առգրավել

Թրամփ․ Իրանի հարստացված ուրանի պաշարները շատ խորն են, դժվար կլիներ առգրավել

1 ապրիլի 2026 – 11:57 AMT

PanARMENIAN.Net – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի մտածել այն մասին, թե հնարավոր է արդյոք Իրանի նկատմամբ հաղթանակ հայտարարել՝ առանց նրա հարստացված ուրանի պաշարները դուրս բերելու։

«Ես նույնիսկ չեմ մտածում այդ մասին: Ուղղակի գիտեմ, որ դրանք այնքան խորն են պարփակված, որ դա անելը շատ դժվար կլիներ»,-ասել է նա CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նախորդ օրը The Wall Street Journal-ը գրել է, որ Սպիտակ տան ղեկավարը դիտարկում է Իրանի տարածքից մոտ 450 կիլոգրամ ուրան դուրս բերելու նպատակով ռազմական գործողություն իրականացնելու տարբերակը։

Հռոմի պապ Լեոն XIV-ը հայտնել է, որ դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ խնդրելով դադարեցնել Իրանում ընթացող պատերազմը՝ ընդգծելով իր ակնկալիքը, որ հակամարտությունը կարող է ավարտվել մինչև Զատիկ։

«Ես խոսել եմ Թրամփի հետ և խնդրել եմ նրան վերջ դնել պատերազմին», – փոխանցել է նրա խոսքերը Messaggero թերթը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Պոնտիֆիկոսը լրագրողների հետ զրույցում, որը տեղի է ունեցել Հռոմի մերձակայքում գտնվող Կաստել-Գանդոլֆոյում իր նստավայրում, նշել է, որ Զատիկը պետք է լինի տարվա ամենասուրբ շրջանը՝ խաղաղության և խորհելու ժամանակահատված։

«Հնարավոր է՝ Զատկին հրադադար լինի, արդեն կան որոշ նշաններ… գուցե պատերազմը ավարտվի մինչև Զատիկ, հուսանք», – մեջբերել է պոնտիֆիկոսին Sir կրոնական գործակալությունը։

Նրա խոսքով՝ իրեն տեղեկացրել են, որ Թրամփը վերջերս հայտարարել է պատերազմի դադարեցման ցանկության մասին։

«Մենք հույս ունենք, որ նա ելք է փնտրում և ճանապարհ՝ նվազեցնելու բռնությունն ու ռմբակոծությունները, ինչը զգալիորեն կնպաստի ատելության վերացմանը, որը շարունակ աճում է Մերձավոր Արևելքում և այլ տարածաշրջաններում», – հայտարարել է Հռոմի պապը։

Ավելի վաղ Լեոն XIV-ը բազմիցս անդրադարձել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին՝ կոչ անելով համաշխարհային առաջնորդներին գիտակցել իրենց բարոյական պատասխանատվությունը կայացվող որոշումների համար։ Խոսելով «բռնության ահագնացման» մասին՝ նա հավատացյալներին հորդորել է աղոթել, որպեսզի «ռումբերի որոտը դադարի, զենքը լռի, և բացվի երկխոսության տարածք, որտեղ կհնչի ժողովուրդների ձայնը»։

Նա նաև նշել է, որ հակամարտության հետևանքով առաջացած մահերն ու տառապանքները հանդիսանում են «ամբողջ մարդկության համար սկանդալ»։ Նրա խոսքով՝ շարունակում է մտահոգությամբ հետևել Մերձավոր Արևելքում և աշխարհի այլ հատվածներում ընթացող զարգացումներին, որոնք «պատերազմով և բռնությամբ պատառոտված» են։

Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը պահանջել էր, որ Իրանը համաձայնի գործարքի, որը կբացառի միջուկային զենք ունենալը։ Հակառակ դեպքում նա սպառնացել է իրականացնել ավելի ուժեղ հարված, քան նախորդ ամռանը։ Այդ ժամանակ Թել Ավիվը սկսել է գործողություն Թեհրանի դեմ՝ մեղադրելով նրան գաղտնի միջուկային ծրագրի մշակման մեջ։ Կողմերը մոտ 12 օր փոխանակել են հարվածներ, և դրանց միացել են նաև ԱՄՆ-ը։ Հունիսի 22-ի գիշերը ամերիկյան ուժերը հարվածել են երեք միջուկային օբյեկտների՝ Նաթանզում, Ֆորդոյում և Իսֆահանում։

Դրանից հետո Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ոչ միայն ոչնչացրել է Իրանի միջուկային ծրագիրը, այլ նաև նրա շարունակման հավակնությունները։

Leave a Comment