Եկեղեցում միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթը 2 ամսով կալանավորվել է

Եկեղեցում միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթը 2 ամսով կալանավորվել է

1 ապրիլի 2026 – 12:56 AMT

PanARMENIAN.Net – Սուրբ Աննա եկեղեցում միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթը Մինասյան 2 ամսով կալանավորվել է: Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը և որպես խափանման միջոց կիրառել է կալանքը, հայտնում է Factor.am-ը:

Սուրբ Աննա եկեղեցում պատարագի ժամանակ, երբ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները ճանապարհ էին բացում, որպեսզի նա դուրս գար, մի երիտասարդ նախ ընդդիմացավ, ապա փորձեց ձեռքով հարվածել վարչապետին։ Այդ երիտասարդը 18-ամյա Դավիթ Մինասյանն է, որին մեղադրանք է ներկայացվել խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու համար։

«Դատարանը գտավ, որ միայն կալանավորումն է ապահովելու մեր պաշտպանյալի իրավաչափ վարքագիծը։ Դավիթը 12-րդ դասարանի աշակերտ է, որևէ քաղաքականության կամ քաղաքական ուժի հետ կապ չունի, 2 ամսից «Վերջին զանգն» է, իսկ նա կալանքի տակ է լինելու, ո՞ւմ խղճին է սա մնալու։ Իրականության հետ աղերս չունի մեղադրանքը, իսկ կալանքն անպայման բողոքարկելու ենք։ Դավիթին արդեն տեղափոխում են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ»,- նշել է Մինասյանի պաշտպանը:

Նա հավելել է, որ գործի շրջանակում ցուցմունք է տվել երկու անձ, որոնք, ըստ երևույթին, վարչապետի անվտանգության աշխատակիցներ են։

Դատարանի որոշման հրապարակումից հետո դատարանի բակում գտնվող երիտասարդի մոր ինքնազգացողությունը վատացել է, և նա կորցրել է գիտակցությունը։

Քննչական կոմիտեն միջնորդել էր Դավիթին կալանավորել երկու ամսով, հայտնում է Sputnik Արմենիան:

«Այն միջնորդությունը, որը ներկայացվել է դատարան, պաշտպանական թիմի կողմից ուղղակի ջախջախվել է։ 12-րդ դասարանի աշակերտը պետք է կալանքի տակ գտնվի, բայց մի շարք առանձնապես, ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող մարդիկ կարող են վարչական հսկողության տակ կամ տնային կալանքի տակ գտնվել։ Ոչ մի բան հաշվի չառան»,- լրագրողների հետ զրույցում ասել է պաշտպան Արմեն Մելքոնյանը։

Պաշտպանը նաև նշել է, որ շարունակելու են պայքարը և անպայման բողոքարկելու են որոշումը։

«Բա հո չե՞նք թողնելու, որ երեխեն էնտեղ մնա։ Հրել են, գցել են գետնին, անգամ տեսաերիզում երևում է, որ տղայի ծնոտը ցավում է։ Ժողովուրդ, այս մեղադրանքներն իրականության հետ ընդհանրապես աղերս չունեն։ Մենք հիմա մի տեղ ենք, որը լավ չի տանելու մեր երկիրը»,- ասել է Մելքոնյանը։

Փաստաբանը շեշտել է, որ դատարանի որոշմամբ Դավիթը զրկվել է դպրոցն ավարտելու հնարավորությունից։

Դավիթ Մինասյանի եղբայր Միքայել Մինասյանը և Գևորգ Գևորգյանը, ազատ են արձակվել։ Վերջինի նկատմամբ կիրառվել է 5 միլիոն դրամ գրավ և բացակայելու արգելք, իսկ Միքայել Մինասյանի դեպքում սահմանվել է միայն բացակայելու արգելք։ Նա մեղադրվել է աջակցություն ցուցաբերելու մեջ, մինչդեռ Գևորգ Գևորգյանին վերագրվել է միջադեպի կազմակերպումը։ Գևորգ Գևորգյանը հերքել է, որ միջադեպը կազմակերպված է եղել, և հայտարարել է, որ չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքները։ Միքայել Մինասյանը նշել է միայն, որ իր վիճակը լավ է, և իր նկատմամբ վերաբերմունքը եղել է պատշաճ։

Leave a Comment