Իրանցի գիտնականների և ակադեմիական համայնքի ներկայացուցիչների մի խումբ պաշտոնական նամակ է հղել միջազգային կազմակերպությունների ղեկավարներին, այդ թվում՝ ՄԱԿ-ին, ընդգծելով, որ համալսարանների և գիտական կենտրոնների պաշտպանությունը ոչ միայն իրավական պարտք է, այլև մարդկային քաղաքակրթության հրամայական։ Հաղորդում է Իրնա գործակալությունը:
Նամակը հասցեագրված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով բարձր հանձնակատարին, ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին և ՄԱԿ-ի մշակութային իրավունքների հատուկ զեկուցողին։ Նամակի հեղինակները կոչ են արել անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու կրթական հաստատությունների նկատմամբ ռազմական հարձակումները։
ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից վերջերս իրականացված ագրեսիվ գործողություններից հետո, որոնք ազդել են Իրանի համալսարանական և գիտական ենթակառուցվածքների տասնյակ օբյեկտների վրա, ակադեմիական համայնքը խոր մտահոգություն է հայտնել։
Նամակում նշվում են այնպիսի առաջատար բուհերի ռմբակոծությունները, ինչպիսիք են Թեհրանի գիտության և տեխնոլոգիաների համալսարանը (Իրան էլմ-օ-սանաթ) և Իսֆահանի տեխնոլոգիական համալսարանը, ինչպես նաև այլ կրթական կենտրոնների վրա հնարավոր հարվածների ռիսկը։
Հեղինակները ընդգծում են, որ նման գործողությունները հանդիսանում են մարդասիրական իրավունքի և 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի՝ զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության վերաբերյալ պարտավորությունների ուղղակի խախտում։
«Համալսարանների պաշտպանությունը մարդկության ապագայի պաշտպանությունն է։ Գիտելիքի կենտրոնների վրա հարձակումները վտանգում են ոչ միայն ուսանողների և դասախոսների կյանքը, այլև համաշխարհային քաղաքակրթության հիմքերը», — նշվում է փաստաթղթում։