Անգլիական «Նյուքասլի» գլխավոր մարզիչ Էդդի Հաուն գովեստի խոսքեր է հնչեցրել «Բարսելոնայի» հասցեին՝ բարձր գնահատելով կատալոնացիների խաղամակարդակը: Հիշեցնենք, որ օրեր առաջ «Նյուքասլը» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում երկու խաղերի արդյունքում (1-1, 2-7) զիջել էր կատալոնացիներին և լքել եվրագավաթային մրցաշարը:
«Ներկայումս սա լավագույն թիմն է Եվրոպայում, հնարավոր է՝ նույնիսկ ողջ աշխարհում։ Ես երբեք չեմ տեսել, որ որևէ թիմ այդքան գերիշխող դիրք ունենա մեր նկատմամբ: Թող վիրավորական չհնչի, բայց նույնիսկ Պրեմիեր լիգայի ակումբներն այդպիսին չեն. «Բարսելոնան» բոլորովին այլ մակարդակի վրա է»,- անգլիացի մասնագետի խոսքերն է մեջբերում մամուլը:
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Նյուքասլը» 42 միավորով զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը: Առաջիկա տուրում Էդդի Հաուի գլխավորած թիմը արտագնա խաղում ուժերը կչափի «Քրիստալ Փելասի» հետ։