Երուսաղեմում Զատկի արարողությունները կանցկացվեն սահմանափակ ձևաչափով. Իսրայելի ոստիկանություն

Երուսաղեմի Հին քաղաքում սպասվող Սուրբ Հարության տոնի (Սուրբ Զատիկ) արարողությունները կանցկացվեն խորհրդանշական և սահմանափակ ձևաչափով՝ ելնելով անվտանգային իրավիճակից, մարտի 30-ին հայտնել է Իսրայելի ոստիկանությունը։

Քաղաքացիական պաշտպանության հրահանգների և հավաքների սահմանափակումների շրջանակում Հին քաղաքի սրբավայրերը ժամանակավորապես փակ են այցելուների համար, ինչը ոստիկանությունը ներկայացրել է որպես մարդկանց կյանքն ու անվտանգությունը պահպանելու անհրաժեշտ քայլ։

Ոստիկանությունից հայտնել են, որ շարունակում են մշտական կապը քրիստոնեական համայնքների ներկայացուցիչների հետ՝ նպատակ ունենալով ապահովել հավատացյալների՝ հնարավորինս անվտանգ մասնակցությունը տոնական միջոցառումներին։

ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին լայնածավալ ռազմական գործողություն էին սկսել Իրանի դեմ: Հարվածների թիրախում էին Իրանի միջուկային օբյեկտները, ինչպես նաև երկրի ռազմական ենթակառուցվածքները:

Իրանն ի պատասխան՝ հարվածներ էր հասցրել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի մի շարք երկրներում ԱՄՆ-ի թիրախներին: Հարվածներ էին հասցվել Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Սաուդյան Արաբիայում գտնվող ամերիկյան ռազմակայաններին ու դիվանագիտական ներկայացուցչություններին:

Leave a Comment