ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար վերահսկողություն հաստատել Իրանի նավթի նկատմամբ։ Այս մասին նա ասել է The Financial Times-ին տված հարցազրույցում։
Թրամփը նշել է, որ իր «նախընտրությունը կլինի նավթը վերցնելը»։ Նա այս հնարավոր քայլը համեմատել է ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի նավթարդյունաբերությունը վերահսկելու փորձերի հետ՝ հիշատակելով այդ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի շուրջ զարգացումները։
«Անկեղծ ասած՝ ինձ համար նախընտրելի է վերցնել Իրանի նավթը, բայց ԱՄՆ-ում որոշ մարդիկ ասում են՝ «ինչո՞ւ եք դա անում»։ Սակայն ես նրանց հետ համաձայն չեմ», – ասել է Թրամփը The Financial Times-ին։
Թրամփը նաև չի բացառել ամերիկյան ուժերի կողմից Խարգ կղզու գրավման հնարավորությունը։ Հենց այս կղզով է իրականացվում Իրանի նավթի արտահանման մոտ 90%-ը։
Իրանի ափամերձ այս փոքր կղզին ունի կենսական տնտեսական նշանակություն Թեհրանի համար և կարող է դիտարկվել որպես ԱՄՆ-ի հնարավոր ցամաքային գործողության թիրախ։