Ռուսաստանը դեռ որոշում չի կայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ ստեղծված Խաղաղության խորհրդին անդամակցելու վերաբերյալ։ Մերձավոր Արևելքում ԱՄՆ ագրեսիայի ֆոնին հայեցակարգն ավելի քիչ արդիական է թվում, քան նախկինում. TAСС-ին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ոչ, այդպիսի որոշում չկա»,- պատասխանել է նա այն հարցին, թե արդյոք կա Խաղաղության խորհրդին անդամակցելու որոշում։
«Տեսնում ենք, որ քանի դեռ [Մերձավոր Արևելքում] պատերազմ է ընթանում, «Խաղաղության խորհուրդ» արտահայտությունը, հավանաբար, հիմա ավելի քիչ արդիական է, քան մինչև այս պատերազմի սկիզբը,- հավելել է նա։ – Հավանաբար պետք է սպասել, թե ինչպես կավարտվի այս ամենը»։
Խաղաղության խորհուրդը պաշտոնապես ստեղծվել է հունվարի 22-ին, երբ Դավոսում 19 երկիր ստորագրեց դրա կանոնադրությունը։ Կազմակերպությունը ձևավորվել է ԱՄՆ-ի ակտիվ մասնակցությամբ։ Սկզբնապես կառույցը ստեղծվում էր Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պայմանավորվածությունների շրջանակում Գազայի հատվածը կառավարելու համար (աշխատանքի այս ձևաչափը հաստատել էր նաև ՄԱԿ-ը), սակայն Վաշինգտոնն ակտիվորեն առաջ է մղում այլ տարածաշրջաններում հակամարտությունների կանխարգելման և կարգավորման համար խորհուրդն օգտագործելու գաղափարը։
Ռուսաստանի ԱԳՆ-ն, որին հանձնարարված է ձևակերպել Մոսկվայի դիրքորոշումն այս հարցում, TAСС-ին ընդգծել է, որ Խաղաղության խորհրդի ներկայիս կանոնադրությունն ու մանդատը հարցեր են առաջացնում, քանի որ մի շարք չափանիշներով հայտարարում են ՄԱԿ-ի գործող կառույցների «փոխարինման» մասին։ Կազմակերպության նկատմամբ նմանատիպ հարցեր են առաջացել նաև Ռուսաստանի հետ բարեկամական շատ այլ երկրների մոտ։