Աշխատակազմերում պարգևավճարները գերազանցել են 2 և 4 մլն դրամը․ ԶԼՄ – armeniatoday.am

News.5tv.am-ը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից պաշտոնյաներին միլիոնավոր դրամներով պարգևատրելու փաստաթղթեր է հրապարակել։

ԶԼՄ-ի ձեռքի տակ հայտնված փաստաթղթերը ստորագրված են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի կողմից։ Ըստ հրապարակված փաստաթղթերի՝ պարգևավճարները վերաբերում են հիմնականում աշխատակազմերի գլխավոր քարտուղարներին։ Թե որ ամսվա համար է պարգևատրումը, փաստաթղթերում չի երևում։

Ընդհանուր առմամբ, պարգևատրվել է 32 պետական պաշտոնյա՝ նվազագույնը 2 մլն դրամի չափով: Պաշտոնյաներից մի քանիսի պարգևավճարները գերազանցում են 4 մլն դրամը։ Օրինակ՝ Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար Վարդանուշ Գրիգորյանն ստացել է 4 240 500 դրամ, ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Դավիթ Կարապետյանը՝ 4 938 900 դրամ, Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար՝ ավելի քան 4 մլն 340 հազար դրամ պարգևավճար։ ՊՆ գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանի պարգևավճարը նույնպես գերազանցել է 4 մլն դրամը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գլխավոր քարտուղար Արտակ Մանգասարյանը ստացել է գրեթե 4 մլն դրամ, Միասնական սոցիալական ծառայության գլխավոր քարտուղար Դավիթ Մելիքյանը՝ 2 մլն 430 000 դրամ պարգևավճար:

Մարզպետարաննների աշխատակազմերի գլխավոր քարտուղարների պարգևավճարները նույնպես գերազանցում են 2 մլն դրամը։

ԶԼՄ-ների տվյալներով՝ 2025-ի դեկտեմբերին նախարարներն ու նրանց տեղակալները ստացել էին միլիոնավոր դրամների պարգևավճարներ։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հունվարին հաստատել էր, որ ստացել է 6-7 մլն դրամ պարգևավճար։ Փաշինյանը 2026-ի հունվարին հայտարարել էր, որ իր ամսական վարձատրության ավելացումը կազմել է մոտ 1,5 մլն դրամ։

Կառավարությունը մարտի 12-ի նիստում պետաշխատողների պարգևավճարների համար 4,6 մլրդ դրամ հատկացնելու որոշում էր ընդունել։

Leave a Comment