Ավստրալիայի Վիկտորիա նահանգում որոշում է կայացվել ապրիլ ամսվա ընթացքում անվճար դարձնել հանրային տրանսպորտը՝ վառելիքի գների կտրուկ աճի պատճառով։ Վերջին օրերին երկրում վառելիքի գնի և հասանելիության հարցը դարձել է ամենաքննարկվող թեմաներից մեկը։
Հարյուրավոր բենզալցակայաններ հաղորդում են, որ բենզինի և դիզելային վառելիքի պաշարները սպառվում են, իսկ առկա վառելիքը մինչև 85%-ով թանկացել է՝ հակամարտությունից առաջվա մակարդակի համեմատ։
Նահանգային իշխանությունները նշում են, որ այս քայլը միտված է մեղմելու բնակչության կենսապահովման ծախսերը։
Միաժամանակ ակնկալվում է, որ անվճար ուղևորությունները կխրախուսեն քաղաքացիներին ավելի ակտիվ օգտվել ավտոբուսներից, գնացքներից և տրամվայներից՝ նվազեցնելով բենզալցակայանների ծանրաբեռնվածությունը։
Նահանգապետի խոսքով՝ վառելիքի դեֆիցիտի հիմնական պատճառը խուճապային գնումներն են, մինչդեռ Կանբերան պնդում է, որ մատակարարումները չեն նվազել։
Քվինսլենդ նահանգում հանրային տրանսպորտի մեծ մասը 2024 թվականից գործում է 50 ցենտ ֆիքսված սակագնով, որը սկզբում ժամանակավոր միջոց էր, սակայն պահպանվեց՝ մեծ պահանջարկի պատճառով։
Վիկտորիայի իշխանությունները նշում են, որ նախաձեռնությունը ժամանակավոր է և կարժենա մոտ 70 միլիոն ավստրալական դոլար։