«Բուշեր» ԱԷԿ-ից «Ռոսատոմի» ևս 164 աշխատակից է տարհանվել. ՀՀ–ում ՌԴ դեսպանություն

Իրանական «Բուշեր» ատոմակայանից «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ևս 164 աշխատակից է տարհանվել Հայաստանի տարածքով, հայտնում է ՀՀ–ում Ռուսաստանի դեսպանությունը։

«Ռուս դիվանագետների և հայկական կողմի ներկայացուցիչների համակարգված գործողությունների շնորհիվ «Բուշեր» ԱԷԿ-ից տարհանված և «Նորդուզ»-«Ագարակ» սահմանային անցակետով Իրանից Հայաստան ժամանած ևս 164 աշխատակիցներ մարտի 27-ին մեկնել են հայրենիք։ Երևանից Մոսկվա մեկնած հատուկ չվերթով ռուսաստանցիների հետ տեղափոխվել են նաև Բելառուսի, Տաջիկստանի և Ուզբեկստանի քաղաքացիներ»,- հայտնել են Հայաստանում ՌԴ դեսպանությունից։

Նշվում է, որ , Իրանի դեմ փետրվարի 28-ին սկսված ռազմական գործողություններից ի վեր, Հայաստանի տարածքով Ռուսաստան է վերադարձել 327 Ռուսաստանի քաղաքացի։

«Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության իշխանություններին բարի վերաբերմունքի և «Ռոսատոմ» ՊԿ աշխատակիցների մուտքը օպերատիվ ձևակերպելու համար»,- նշված է հաղորդագրությունում:

Իրանի Բուշեր ատոմակայանի տարածքը 2026 թվականի մարտի ընթացքում 3 անգամ ենթարկվել է հարձակումների։ Վերջին հարձակումը եղել է մարտի 27-ին։ Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությունը հայտնել է, որ հարձակումների հետևանքով զոհեր կամ տեխնիկական լուրջ վնասներ չկան, և ռադիոակտիվ նյութերի արտահոսք չի գրանցվել:

Leave a Comment