Հայաստանում մշակվում է ռադիոիզոտոպների տեղական արտադրությունը՝ ախտորոշման ու բուժման համար․ «Մտքի ուժը»

Հայ գիտնականները մշակում են ռադիոակտիվ իզոտոպների արտադրության տեխնոլոգիաներ։ Սա կարևոր է, քանի որ իզոտոպները կիրառվում են ախտորոշման կամ բուժման նպատակով՝ կենսական նշանակություն ունենալով հիվանդի համար, սակայն որոշ իզոտոպներ կարճ կյանք ունեն և իրենց ներկրումն ավելի թանկ է, պատմում է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի Իզոտոպների հետազոտման ու արտադրության բաժնի ղեկավար Ռուբեն Դալլաքյանը.

«Նրանցից շատերը պարզապես անհնար է ներկրել։ Որոշները ներկրվում են, բայց երբեմն դա ձեռնտու չէ։ Մենք ցանկանում ենք մշակել տեղական արտադրություն, հասնել ինքնաբավության։ Դրանք պետք է շահավետ լինեն և մրցակցային»։

Այժմ բաժնում աշխատում են Տեխնցիում-99 (Tc-99m) ռադիոիզոտոպի արտադրության տեխնոլոգիայի վրա։ Տեխնցիում-99 (Tc-99m) օգտագործվում է ախտորոշման նպատակներով։

Ինչպե՞ս են ռադիոակտիվ նյութերն ազդում կոնկրետ թիրախի վրա՝ խոցելով այն ու չվնասելով հարակից բջիջները։

20-րդ դարը բեկումնային էր այս առումով՝ միջուկային բժշկության ռադիոակտիվ իզոտոպները սկսվեցին լայնորեն կիրառվել։ Ռադիոակտիվ նյութերը միանում են քիմիական միացությունների՝ հնարավորություն ստանալով ընտրողականորեն կուտակվել որոշ օրգաններում կամ քաղցկեղային հյուսվածքներում։

«Կարևոր է, որ նյութը հասնի թիրախային օջախին, որտեղ ցանկանում են բժիշկները։ Օգտագործվում է ախտորոշման կամ բուժման նպատակով՝ կախված իզոտոպի տեսակից»,- բացատրում է Ռուբեն Դալլաքյանը։

Հայաստանում կիրառվող Յոդ 131 (I-131) իզոտոպն օգտագործվում է, օրինակ, վահանաձև գեղձի քաղցկեղի վիրահատությունից հետո, և ռադիոթերապիայի ժամանակ խոցում վտանգավոր բջիջները, բայց, գրեթե, չվնասելով հարակից առողջ հյուսվածքները։

Ռադիոիզոտոպներն արտադրվում են նաև Հայաստանում 2020 թվականից՝ Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնում: Այնտեղ տեղադրված է ՀՀ-ում այդ պահի դրությամբ միակ ցիկլոտրոնային արագացուցիչը, ասում է ինժեներական խմբի ղեկավար Անդրանիկ Մանուկյանը։

Նա իր թիմով նախագծել ու պատրաստել է մի քանի սարք։ Մոտ մեկ տարի նրանք միայն նախագծման վրա են աշխատել՝ ամեն մի դետալը մանրամասն քննարկելով, գծագրելով ու հաշվարկներ կատարելով։

Գիտնականները վստահ են, որ իրենց առաջարկները կիրառության մեջ դնելիս անպայման երկուստեք շահավետություն կստանան, հատկապես որ բժշկության մեջ դրանք լայն կիրառություն ունեն։ Սրանով նաև միջուկային բժշկության ոլորտն է զարգանում Հայաստանում։

Leave a Comment