Մենք իսկապես անցյալում իրականացրել ենք Հայաստան-Սփյուռք հարաբերությունների և՛ վերանորոգումը, որովհետև վատ կետից էինք սկսել, բայց նաև շեշտակի զարգացրել ենք այդ հարաբերությունները և կարծում եմ այստեղ փոխադարձ շահավետությունը ուղղակի ակնհայտ էր: Այս մասին երեկ՝ մարտի 25-ին, հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայրենադարձների հետ հանդիպման ընթացքում՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչ հնարավորություններ կտա «Հայաստան» դաշինքը սփյուռքահայերին։
«Մենք պետք է դիտենք հետևյալը․ Սփյուռքը հզոր ուժ է, բայց նաև սփյուռքը պատրաստ ենթակառուցվածքներ է Հայաստանից արտագաղթելու համար, որովհետև բոլորը ունեն բարեկամներ և եթե Հայաստանում անվտանգությունը ապահովված չի, եթե Հայաստանում մարդիկ վատ են ապրում, եթե մթնոլորտը զզվելի է, ապա ոչ թե սկսում ենք խոսալ հայրենադարձության մասին, այլ հայրենիքից դուրս գնալու մասին: Եվ կարծում եմ բոլորի մտքում միայն մեկ բան է՝ դեպի Հայաստան, բայց սխալ քաղաքականություն վարելու դեպքում, կրկնում եմ, այդ հանգամանքը ևս կարող է աշխատել:
Եթե մենք ուզում ենք, որ լինի հայրենադարձություն, մենք պետք է Հայաստանում այնպիսի միջավայր ձևավորենք, որ Հայաստան գալը, մնալը, այստեղ ապրելը լինի հաճելի, հասկանալի, որ մարդիկ ձգտեն գալ այստեղ։ Եթե վատ մթնոլորտ լինի այստեղ, հակառակը, Հայաստանից արտագաղթը դեպի այլ երկրներ ակտիվանալու է:
Եվ եթե Հայաստանի ղեկավարությունը այդքանը չի հասկանում, ուրեմն իր տեղում չի, կամ հայկական ղեկավարություն չի, կամ ես չգիտեմ՝ ինչ շահերով է առաջնորդվում»,- ասաց նա:
Մանրամասն՝ տեսնայութում։