Իսրայելը ֆոսֆորային զենք է օգտագործել հարավային Լիբանանի վրա հարձակումների ժամանակ․ ԶԼՄ

Իսրայելական հրետանին ֆոսֆորային զինամթերքով հարվածել է հարավային Լիբանանի ութ գյուղեր, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Լիբանանի ազգային լրատվական գործակալությանը (NNA)։

«Թշնամու հրետանին ֆոսֆորային զինամթերքով հարվածներ է հասցրել սահմանամերձ գյուղերին՝ թշնամու զորքերի տեղաշարժի ֆոնին՝ Դեյր Սրիանում, Քանթարայում և Թայբայում, ինչպես նաև Յահմար ալ-Շքիֆում, Զաութրում, Ֆրունում, Ղանդուրիայում և Բուրջ Քալավիայում», – ասվում է հաղորդագրության մեջ։

Ֆոսֆորային զինամթերքի օգտագործումը մարտական ​​գոտիներում արգելված է միջազգային իրավունքով։ ՄԱԿ-ի և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի չափանիշների համաձայն՝ արգելվում է հրկիզող զենքի օգտագործումը քաղաքացիական բնակչության կամ բնակեցված տարածքների դեմ։

Ֆոսֆորի օգտագործումը կարող է առաջացնել ծանր այրվածքներ և հրդեհներ, ուստի դրա օգտագործումը քաղաքացիական բնակչության դեմ համարվում է միջազգային մարդասիրական իրավունքի խախտում և հնարավոր պատերազմական հանցագործություն։

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հայտնել էր, որ Իսրայելը մարտի սկզբին հարավային Լիբանանի բնակելի շրջաններում կիրառել է սպիտակ ֆոսֆոր։ Մարտի 24-ին տվյալներով Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել էր 1072-ի, վիրավորվել է 2966 մարդ։

Leave a Comment