Օրենսդրական նախաձեռնություններ. կլավարկվեն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված որոշ իրավակարգավորումներ

Հավանություն է տրվել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին։ Օրինագծերի ընդունումը միտված է կատարելագործելու պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու համակարգը: Մասնավորապես՝ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրինագիծն ուղղված է պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ դատարանի հայեցողության իրականացման շրջանակների ճշգրտմանը՝ բացառելով այնպիսի մոտեցումը, երբ դատապարտյալի ոչ պատշաճ վարքագծի գնահատումը հիմնվում է բացառապես տուժողին պատճառված վնասը չհատուցելու կամ այն այլ կերպ չհարթելու հանգամանքի վրա։ Միաժամանակ առաջարկվող կարգավորումը նախատեսում է իրավական մեխանիզմ, որով դատարանը, պայմանական վաղաժամկետ ազատման մասին որոշում կայացնելիս, կարող է դատապարտյալի վրա դնել տուժողին պատճառված վնասը հատուցելու կամ այն այլ կերպ հարթելու պարտականություն՝ որպես ազատման պայման։ Առաջարկվում է նաև վերասոցիալականացման աշխատանքների արդյունքները քննարկել ոչ թե 3-6 ամիս պարբերականությամբ, այլ 3-12 ամիս պարբերականությամբ:

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որի ընդունման արդյունքում կլավարկվեն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված որոշ իրավակարգավորումներ: Նախագծով առաջարկվող փոփոխություններով և լրացումներով հստակեցվում են պետական գաղտնիք պարունակող քրեական վարույթներով վարութային գործողությունները ամրագրելու եղանակները, նախատեսվում է հոգեբանին բացարկելու, գրավադրված անշարժ գույքը համարժեք այլ գույքով կամ գումարով փոխարինելու, գույքի արգելադրման որոշման իրավաչափությունը հաստատելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը մասնակի բավարարելու հնարավորություն, հստակեցվում են նաև բացառիկ վերանայման վարույթով որոշ լիազորություններ:

Կառավարության հավանության են արժանացել «Բանկերի վերակառուցման մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերը, որոնց ընդունման անհրաժեշտությունը բխում է դեռևս 2018 թ. Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից Ֆինանսական համակարգի գնահատման ծրագրի (FSAP) շրջանակում ներկայացված առաջարկություններից։ Օրինագծերի նպատակն է նախատեսել բավարար գործիքակազմ ֆինանսական համակարգում անվճարունակ բանկերի ֆինանսական վիճակի վերականգնման և առհասարակ ֆինանսական համակարգի կայունության ապահովման համար։ Մասնավորապես, տրվել է առաջարկություն, որով ընդգծվել է բանկերի վերակառուցման (առողջացման) (bank resolution) օրենսդրությունը Ֆինանսական կայունության խորհրդի (FSB) կողմից հաստատված «Key Attributes of Effective Resolution Regimes for Financial Institutions» միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը: Բացի այդ, Արժույթի միջազգային հիմնադրամի հետ կնքված Տնտեսական և ֆինանսական քաղաքականությունների հուշագրում (Memorandum of Economic and Financial Policies – MEFP) որպես կառուցվածքային հենանիշ է սահմանվել «Բանկերի վերակառուցման մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը։ Նախագծի ընդունման արդյունքում կներդրվեն ճգնաժամերի կառավարման արդյունավետ և միջազգային չափանիշներին համահունչ մեխանիզմներ և գործիքներ՝ ֆինանսական համակարգի կայունությունն ապահովելու համար: Օրենսդրության բարելավումն անհրաժեշտ է ճգնաժամերի կառավարման արդյունավետ մեխանիզմներ ներդնելու, բանկերի ձախողման դեպքում բանկերի կրիտիկական գործունեության (գործառնության) անընդհատությունը և ֆինանսական համակարգի կայունությունն ապահովելու համար: Կներդրվի լայն գործիքակազմ՝ իրականացնելու բանկերի վերակառուցումն այնպես, որպեսզի ապահովվի նաև պետական միջոցների պաշտպանությունը՝ հնարավորինս նվազեցնելով պետական արտակարգ աջակցություն ստանալու անհրաժեշտությունը։

Հավանություն է տրվել «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծերին։ Օրինագծերի ընդունմամբ հնարավոր կլինի ապահովել պետության՝ արդար դատաքննության բաղադրատարր հանդիսացող գործի քննության ողջամիտ ժամկետի ապահովման կոնվենցիոն պարտականության կատարումը, ինչպես նաև քրեական գործերի քննության տևողության կանխատեսելիությունը։

Leave a Comment