
Մշակութաբան, մատենագետ, պատմաբան և ռազմագետ Տիգրան Պետրոսյանցը 75 տարեկան է։ Նա հետադարձ հայացք է ձգում անցած ուղուն՝ պատմելով, թե ինչպես էր ուսումնատենչ պատանին դեռ հասուն կյանքի շեմին տարվում հայոց պատմությամբ, և թե ինչպես տարիների կուտակած գիտելիքներն ի վերջո մարմնավորվեցին արժեքավոր աշխատություններում։ Նրա գրչին են պատկանում հայոց պատմությանը, հայոց փափկասուն տիկնանց և հազար հայազգի գեներալներին նվիրված ուսումնասիրությունները։
Այդուհանդերձ, Պետրոսյանցի հետաքրքրության կենտրոնում մեր պատմության այն էջերն են, որոնք քիչ են արծարծվել պաշտոնական պատմագրության կողմից։ Մասնավորապես՝ Զաքարյան տոհմի պատմությունը, ինչպես նաև Գագիկ Բ-ի վերելքի ու անկման դրամատիկ ընթացքը։ Վերջինս հիմք է հանդիսացել հեղինակի «Գագիկ Երկրորդ» ստվարածավալ վեպի համար, որը նրա վեց տասնյակ և ավելի հրատարակված գրքերի շարքում առայժմ վերջինն է։