Իրանը ակնկալում է, որ Չինաստանն ու Ռուսաստանը կդատապարտեն ԱՄՆ-Իսրայելական գործողությունները

Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը ակնկալում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները, հատկապես Չինաստանն ու Ռուսաստանը, կդատապարտեն ԱՄՆ-Իսրայելական գործողությունները և կկանխեն ԱՄՆ-ի կողմից խորհրդի հնարավոր չարաշահումները։

Այս մասին Արաղչին նշել է Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ հեռախոսազրույցի ընթացքում՝ քննարկելով երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները։

Իրանի ԱԳ նախարարը շեշտել է, որ տարածաշրջանում առկա լարվածության հիմնական պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են՝ հավելելով, որ Իրանը շարունակելու է պաշտպանել իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

Արաղչին անդրադարձել է նաև Հորմուզի նեղուցի իրավիճակին՝ նշելով, որ դրա անվտանգությունը անբաժան է տարածաշրջանային զարգացումներից։ Նրա խոսքով՝ նեղուցում առաջացած լարվածությունը պայմանավորված է արտաքին ռազմական գործողություններով, իսկ Իրանի քայլերը համապատասխանում են միջազգային իրավունքին։

Նա նաև հայտնել է, որ նեղուցը փակ է ԱՄՆ-ի և «ագրեսիային մասնակցող» կողմերի նավերի համար, մինչդեռ այլ երկրների նավերի անցումը կատարվում է Իրանի համապատասխան մարմինների համաձայնեցմամբ։

Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին իր հերթին վերահաստատել է Պեկինի դիրքորոշումը՝ դատապարտելով Իրանի դեմ իրականացվող «անօրինական գործողությունները» և ընդգծելով միջազգային իրավունքի ու դիվանագիտության կարևորությունը հակամարտությունների կարգավորման հարցում։

Հեղինակ՝ Անի Վարդանյան

Leave a Comment