մրցաշարի վերջին խաղափուլը կմեկնարկի մարտի 26-ին՝ Հայաստանի ժամանակով 14:00-ին

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի․/Նովոստի-Արմենիա/. Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը միանձնյա առաջատար է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող «19th Agzamov Memorial» շախմատի միջազգային մրցաշարի վերջին խաղափուլից առաջ:
Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Նշվում է, որ Հայկը 9 հնարավորից ունի 7 միավոր:
«Հայկից կես միավորով հետ են մնում ՖԻԴԵ-ն ներկայացնող գրոսմայստերներ Արտյոմ Ուսկովը ու Նիկիտա Աֆանասևը, ինչպես նաև Ուզբեկստանը ներկայացնող գրոսմայստեր Աբդիմալիկ Աբդիսալիմովը և միջազգային վարպետ Մուհամմադզոխիդ Սույարովը», – նշված է հաղորդագրության մեջ:
Ֆեդերացիայից տեղեկացնում են, որ մրցաշարի վերջին խաղափուլը կմեկնարկի մարտի 26-ին՝ Հայաստանի ժամանակով 14:00-ին։
Նշենք, որ 2026 թվականի մարտի 17-ից 26-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվում է «19th Agzamov Memorial» շախմատի միջազգային մրցաշարը:
Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով՝ 10 խաղափուլով: