Պոլիէթիլենային տոպրակների վաճառքն արգելող նախագիծն ամբողջությամբ ընդունվեց

2027 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կարգելվի պոլիէթիլենային պարկերի և տոպրակների, ինչպես նաև պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների և սպասքի վաճառքը կամ առկայությունը։ Այս մասին նախագիծն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց Ազգային ժողովում։

Արգելքի խախտման համար սահմանվում է պատասխանատվություն․ առաջին խախտման դեպքում՝ նախազգուշացում, իսկ երկրորդ և հաջորդող դեպքերում՝ տուգանք՝ 100–150 հազար դրամի չափով։

Նախագծի հեղինակը Կառավարությունն է։ Որպես այլընտրանք առաջարկում է օգտվել թղթից, կտորից և այլընտրանքային նյութերից պատրաստված բազմակի օգտագործման տոպրակներից, սպասքից, թղթից կամ փայլաթիթեղից պատրաստված տարաներից:

Շեշտվում է, որ օգտագործված պոլիէթիլենային փաթեթներով, մեկանգամյա օգտագործման պլաստիկ այլ արտադրանքով ու դրանց մնացորդներով աղտոտված են Հայաստանի Հանրապետության ջրային տարածքները,  հանգստավայրերն եւ զբոսաշրջության վայրերը. «Մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի ողջ ծավալն ի վերջո հանգրվանում է բնության մեջ և, նույնիսկ աղբավայրերում, դրանք շարունակում են վնաս պատճառել շրջակա միջավայրին՝ արեւի ազդեցությամբ և ինքնայրման հետեւանքով արտազատելով քաղցկեղածին դիօքսին եւ ֆուրան գազեր»:

Պոլիէթիլենը քայքայվող չէ։ Այն կարող է հարյուրավոր տարիներ մնալ բնության մեջ։ Պլաստիկը վնաս է հասցնում ամբողջ էկոհամակարգին: Կառավարությունը դեռևս 2019-2020 թվականներից է փորձում արգելել պոլիէթիլենային տոպրակների վաճառքը։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment