Ասում են՝ Ռուսաստանը պարտավոր էր Արցախում ապահովել անվտանգությունը եւ չի կատարել պարտավորությունը:
Երբ հարց ես ուղղում, թե՝ որտե՞ղ է ամրագրված Ռուսաստանի պարտավորությունը, պատասխանը հետեւյալն է՝ «դու ռսասատրուկ ես», կամ՝ «չհամարձակվես այդպիսի հարց տալ, հեյ դու՝ Կրեմլի ագենտ»:
Իրականում իմաստը հետեւյալն է՝ «չհամարձակվես տալ հարցեր, որոնք կբացահայտեն բերվող նարատիվի դատարկությունը եւ հանրությանը մատուցվող մանպուլյացիան»:
Ռուսաստանը Արցախում է հայտնվել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիման վրա: Այդ հայտարարության մեջ բառ իսկ չեք գտնի, որը ենթադրում է Ռուսաստանի որեւէ պարտավորություն:
Միաժամանակ, հիշատակվում է Պուտինի առանձին հրամանագիրը, որ եղել է նոյեմբերի 9-ի եռակողմի հիման վրա, եւ որը՝ «Լեռնային Ղարաբաղում խաղաղության ապահովման միջոցառումների մասին է»:
Բայց, քաղաքական ընթերցանության թյուրըմբռնում է այս հրամանագիրը դիտարկել որպես պարտավորություն: Նախ, Պուտինի հրամանագիրը «ներռուսական» է, հետեւաբար՝ զուտ ներքին հանձնարարություն պարունակող հրամանագիրը չի կարող ենթադրել որեւէ արտաքին պարտավորություն: Այն ցուցում է ՌԴ պաշտպանության նախարարությանը՝ տեղակայվել Արցախում՝ խաղաղության ապահովման համար:
Մեկնաբանել դա, թե այդպիսով իրենք պատասխանատու էին խաղաղության համար, նշանակում է զբաղվել ինքնախաբեությամբ կամ հանրությանը մոլորեցնելով, գուցե՝ ցանկալին իրականության տեղ ընդունելով, իսկ հետո էլ դրա հետեւանքով՝ փաստի առաջ կանգնելով:
Գուցե հենց այդպես էլ մտածել է Հայաստանի իշխանությունը, թե ռուսները հիմա արդեն մտել են պարտավորության տակ, ուրեմն կարելի է Արցախը դե ֆակտո թողնել նրանց վրա, իսկ զուգահեռ՝ «թռնել» նոյեմբերի 9-ի եռակողմով ստանձնած այլ, մասնաբորապես 9-րդ կետի պարտավորությունից:
Երբ քաղաքականությունը կառուցվում է այդպիսի «մանր շուստրիության» տրամաբանությամբ, տուժողը լինում է ոչ թե միջուկային կայսրությունը, որը Կովկասը դիտում է «փաթեթով»՝ եւ նրա համար զուտ մարտավարական հարց է Արցախի հայկակա՞ն, թե ադրբեջանական վերահսկողության ներքո լինելը, այլ «մանր շուստրիություն» բանեցնողը:
Իմ մասով հայտնեմ, կամ գուցե հիշեցնեմ՝ նոյեմբերի 9-ից ի վեր պարբերաբար խոսել եմ այդ հայտարարությունից կառչելու անհրաժեշտության մասին, այդ թվում խոսել եմ, որ 9-րդ կետը միջանցք չէ, պետք է պատասխանատու լինել դրա հանդեպ: Իմ ներուժի չափով փորձել եմ նպաստել դրա ուղղությամբ պատասխանատու քաղաքականություն վարելուն, պատկերացնելով, որ հակառակ պարագայում գինը կարող է լինել Արցախը:
Բայց, Հայաստանը շարժվեց «մանր շուստրիությամբ», կամ՝ Հայաստանը դեպի դա շարժեցին մարդիկ, որոնք հետո իհարկե մեծ հիացմունքով արձանագրեցին նույն 9-րդ կետի առավել վատ պայմաններով իրագործումը ամերիկյան «փաթեթի» ներքո: Ըստ այդմ՝ եզրակացությունն էլ թերեւս այն է, որ «մանր շուստրիությունը» ավելի մեծ խաբեության մի բաղադրիչ էր:
Իսկ «խաբեբաները» առ այսօր շարունակում են հանրային կարծիքի հանդեպ աճպարարությունը:
Ինչպես եմ գնահատու՞մ ռուսական խաղաղապահությունը: Վատ, շատ վատ: Բայց, կրկնեմ չհասկացողների կամ այդպես ձեւացնողների համար: Արցախի ճակատագրով մենք պետք է լինեինք մտահոգ, ոչ թե ռուսները, կամ թեկուզ եվրոպացիներն ու ամերիկացիները: Մերն էր Արցախի հանդեպ պարտավորությունը, ոչ թե ռուսներինը, եվրոպացիներինը կամ ամերիկացիները: Եվ այդ պարտավորությանն է նաեւ ձայն տրվել 2021 թվականի արտահերթ ընտրությանը, այլ ոչ թե «մանր շուստրիությանը» կամ «մեծ խաբեությանը»: