Հայկական ռադիոյի լեգենդար ձայնը․ Մարատ Հալաջյան. «Արդեն 100 տարի»

Այս տարի լրանում է Հայկական ռադիոյի ճանաչված հաղորդավարներից Մարատ Հալաջյանի մահվան 55-րդ տարելիցը: Նա ապրեց ընդամենը 50 տարի, բայց իր մասնագիտական փայլուն տաղանդի շնորհիվ դարձավ հազարավոր ունկնդիրների բարեկամը՝ Հայաստանում և նրա սահմաններից շատ հեռու: Մարատ Հալաջյանը մի մեծ ու բարի հետք է թողել, հրաշալի հուշեր ու երախտագիտության զգացում՝ իրեն ճանաչած մարդկանց սրտերում, և կարոտ՝ ռադիոընդունիչներից իր ձայնին սպասող ունկնդիրների հոգիներում:

Արմատներով խարբերդցի, 1920 թվականին Երևանում ծնված Մարատը երազում էր դերասան դառնալու մասին: Թատերական ինստիտուտը դեռ չէր հիմնվել, ուստի ընդունվեց թատերական ստուդիա և աշխատանքի անցավ Արտաշատի թատրոնում: Սակայն, Երկրորդ աշխարհամարտը խափանեց նրա ծրագրերը. ժամանակն էր պատերազմելու: Ոտքը կորցրած Մարատը 1943 թվականին վերադարձավ Երևան: Բեմ բարձրանալու երազանքն այլևս ի դերև ելավ: Նա աշխատանքի անցավ կինոստուդիայում, ապա, հետևելով իր ուսուցչի՝ Հրաչյա Ներսիսյանի խորհրդին, 1945 թվականին եկավ ռադիո:

Երբ Հայկական ռադիոն սկսեց հաղորդումներ հեռարձակել արտասահմանում բնակվող մեր հայրենակիցների համար, Մարատ Հալաջյանի ձայնը սփյուռքում նույնացվեց Հայաստանի ձայնին: Այդ հաղորդումները և Հալաջյանի ձայնը ամուր ու ապահով կամուրջ էին հայրենիքի կարոտով ապրող հայերի համար: Մարատ Հալաջյանն առաջին հաղորդավարն էր, որ ստացավ հանրապետության վաստակավոր արտիստի կոչում: Նա հաղորդավարական գործը բարձրացրեց արվեստի աստիճանի:

Leave a Comment