ՍԴ նախագահը, փոխնախագահը, դատավորներն աշխատանքային ստաժի համար կստանան հավելավճար. Գալյան

ՀՀ Ազգային Ժողովի մարտի 25-ի նիստում արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացրեց ՍԴ դատավորների վարձատրությունը բարձրացնելու մասին նախագիծը։  Նախագծերով առաջարկում ենք վերանայել Սահմանադրական դատարանի դատավորների վարձատրությունը, հաշվի առնելով այն, որ ներկայում Սահմանադրական դատարանի դատավորների վարձատրությունն իր կառուցվածքով և չափերով համարժեք չէ վերջիններիս բարձր իրավական կարգավիճակին, սահմանադրական լիազորությունների ծավալին և գործունեության համար բնորոշ բարձր պատասխանատվության աստիճանին։ 

«Առաջարկում ենք ՍԴ նախագահի, փոխնախագահի և ՍԴ դատավորների համար օրենքով սահմանել հավելավճար դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի համար»:

Սահմանադրական դատարանի դատավորների 12-ամյա պաշտոնավարման ժամկետը հաշվի առնելով, աշխատանքային ստաժի հավելավճարը հաշվարկվում է առավելագույնը 11 տարվա համար և սահմանվում է աճողական կարգով, սկսած պաշտոնավարման երկրորդ տարվանից, երկրորդ տարում 20%, երրորդում 35%, չորրորդ տարվանից յուրաքանչյուր հաջորդ տարում նախորդ տարվա չափից 10% ավել։ Նշեմ նաև, որ նախագծի անցումային դրույթների ուժով հավելավճարի հաշվարկման համար հաշվի են առնվելու օրենքն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում աշխատած լրիվ տարիները, այսինքն մեկնակետը Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի, դատավորի պաշտոնը ստանձնելու պահն է։ 

Նախարարը նաև նշեց, որ 2026-ի համար ՍԴ նախագահի, փոխնախագահի և 7 դատավորների մասով տվյալ պաշտոններում պաշտոնավարման դիմած աշխատանքային ստաժի հիման վրա վճարվելիք հավելավճարի մասով ենթադրվում է 46 մլն 775 հազար 40 դրամի ծախս:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց հավելավճարի հաշվարկման կարգի մասին, նախարարը պարզաբանեց. «Հավելավճարի հաշվարկման կարգի հետ կապված, եթե 10 տոկոսների մասին եք հարցնում, ապա 4-րդ տարվանից սկսած՝ յուրաքանչյուր տարվա համար 10 տոկոս է հաշվարկվելու:

Կարող եմ տարեկան կտրվածքով ասել, որ, օրինակ, ՍԴ դատավորի պարագայում ամսական հարկված 1 մլն 284 հազար 384 դրամի աշխատավարձ է տարեկան 15 մլն 412 հազար 608 դրամը, առաջարկվող լրացման ուժով հավելավճարն ապրիլից կկազմի 150-510 հազար դրամ՝ կախված ստաժի քանակից»:

Leave a Comment