Երևանի համար 24 մանկապարտեզը կունենա նոր շենք

Երևանի համար 24 մանկապարտեզը կունենա նոր շենք

Երևանի համար 24 մանկապարտեզը կունենա նոր շենք՝ շուրջ 180 երեխայի համար։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

«Այսօր խորհրդանշական պարկուճի տեղադրմամբ մեկնարկեցին Երևանի համար 24 մանկապարտեզի նոր շենքի կառուցման աշխատանքները։ Ավելի քան 90 տարվա պատմություն ունեցող վթարային շենքի փոխարեն կառուցվում է նոր, ժամանակակից և անվտանգ մանկապարտեզ մեր երեխաների համար։

Նախկին 3 խմբի փոխարեն այստեղ կգործի 6 խումբ, ինչի շնորհիվ 80-ի փոխարեն մանկապարտեզ կհաճախի շուրջ 180 երեխա»,- գրել է քաղաքապետը՝ կից հրապարակելով տեսանյութ։

«Մանկապարտեզի հին շենքն ամբողջությամբ քանդման ենթակա էր, և օգտագործելով այդ հնարավորությունը` մենք որոշեցինք կառուցել նորը՝ ընդլայնելով մանկապարտեզի տարածքն ու հնարավորությունները: Շինարարությունն իրականացվում է նորագույն չափորոշիչներով: Իրականում մեր կողմից իրականացվող շինարարական աշխատանքները պետք է լինեն ամենաօրինակելին, որպեսզի մասնավորը նույնպես մեզանից օրինակ վերցնի»,- ընդգծել է քաղաքապետը:

Ծրագիրն իրականացվում է համայնքային բյուջեի միջոցներով: Մանկապարտեզի տանիքում կտեղադրվի 20 կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային համակարգ, արևային ջրատաքացուցիչ, կկառուցվի նոր կաթսայատուն, կտեղադրվի ջեռուցման համակարգ։ Շենքն ամբողջությամբ համալրվելու է հակահրդեհային, ջրամատակարարման, ներքին կոյուղու և անձրևաջրերի կոյուղու ցանցով, օդափոխության, տեսահսկման համակարգերով:

Նախագծի շրջանակում կբարեկարգվի նաև բակը. կընդլայնվի կանաչ գոտին, կկառուցվի խաղահրապարակ, կտեղադրվեն զրուցատաղավարներ, նստարաններ և աղբամաններ, կանցկացվի ոռոգման համակարգ ու արտաքին լուսավորության ցանց:

Leave a Comment