Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ տուբերկուլոզը վարակիչ հիվանդություն է, որը հարուցվում է տուբերկուլոզի միկոբակտերիաներով: Հիվանդությունը փոխանցվում է հիմնականում օդակաթիլային ճանապարհով, հազվադեպ։
Հիվանդության զարգացմանը նպաստում են կյանքի անբարենպաստ պայմանները՝ թերսնուցումը, երկարատև ֆիզիկական և էմոցիոնալ լարվածությունը, որոշ քրոնիկական հիվանդություններ ( ՄԻԱՎ/ՁԻԱՀ, շաքարային դիաբետ, խոցային հիվանդություն, խրոնիկական ալկոհոլիզմ և այլն), որոնք թուլացնում են օրգանիզմի դիմադրողականությունը։
Այս ճանապարհին շատ կարևոր է հայտնաբերել հիվանդությունը վաղ փուլերում՝ վարակի փոխանցումը նվազեցնելու նպատակով:
Որո՞նք են տուբերկուլոզի հիմնական ախտանիշները
- քաշի նվազում, ախորժակի կորուստ,
- գիշերային քրտնարտադրություն,
- ընդհանուր թուլություն,
- մարմնի բարձր ջեմրություն,
- հազ ,
- ցավեր կրծքավանդակի շրջանում ,
- շնչարգելություն,
- արյունախխում։
Վերոնշյալ գանգատների 2-3 շաբաթ տևողության դեպքում պետք է կասկածել տուբերկուլոզ և դիմել բժշկի։
Այսօր տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է։Օրվա կարգախոսն է ՝ «Այո՛, կարող ենք վերջ դնել տուբերկուլոզին»՝ ուժեղացնելով հիվանդության հայտնաբերումը, բուժումն ու կանխարգելումը Հայաստանում։
Հայաստանում տուբերկուլոզի դեմ պայքարի ռազմավարության շրջանակներում իրականացվում են մի շարք միջոցառումներ.
- կանխարգելիչ բուժման ընդլայնում՝ ոչ միայն երեխաների, այլև մեծահասակների շրջանում,
- ներդրվել են ախտորոշման և բուժման նորարարական և պացիենտակենտրոն մոդելներ,
- իրականացվում են ակտիվ սքրինինգային ծրագրեր ռիսկային խմբերում,
- կարճաժամկետ բուժման սխեմաների ընդլայնված կիրառում,
- միաժամանակ իրականացվում են սոցիալ-հոգեբանական աջակցության, իրազեկման և խարանի նվազեցման ծրագրեր,
- կրթական միջոցառումներ՝ ՏԲ մասնագետների և ԱԱՊ օղակի կարողությունների զարգացման նպատակով։
