Բաքուն Մոսկվայից պարզաբանումներ է պահանջել Հեյդար Ալիևի մասին Զախարովայի խոսքերից հետո

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն «անընդունելի» է անվանել Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի արտահայտությունները, որոնք հնչել են մարտի 18-ին կայացած ճեպազրույցի ժամանակ՝ պարզաբանումներ պահանջելով:

Ադրբեջանական գերատեսչությունը պնդում է, որ, պատասխանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երկրի հոգևորականության վերաբերյալ արտահայտությունների մասին հարցին, Զախարովան «առանց թեմայի հետ որևէ կապի հիշատակել է Ադրբեջանի համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի անունը», ինչը Բաքվում համարել են «Ալիևի հիշատակումը նման համատեքստում նրա ժառանգության և ադրբեջանցի ժողովրդի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորում»:

«Նման հայտարարությունները չեն համապատասխանում պաշտոնական ներկայացուցչից ակնկալվող չափանիշներին: Ակնկալում ենք պարզաբանումներ ռուսական կողմից այս հայտարարության վերաբերյալ»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Զախարովան մարտի 18-ին քննադատել էր հոգևորականների մասին Փաշինյանի հայտարարությունները՝ դրանք անվանելով «հոգևոր ոլորտի քաղաքականացում»։ ««КГБ-ի գործակալների» մասին հիշատակումն արվել է նախևառաջ Արևմուտքի շրջանում ժողովրդականություն ձեռք բերելու համար»,- հայտարարել էր նա՝ նշելով, որ նման արտահայտությունները հանգեցնում են «հասարակության պառակտման» և շեղում իրական խնդիրների լուծումից:

Փաշինյանը դեկտեմբերին հայտարարել էր, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն «ղեկավարվում է դրսից», իսկ կաթողիկոսի եղբայրը՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, իբր խորհրդային տարիներին «КГБ-ի գործակալ» էր:

Leave a Comment