Ավելի քան 700 հազ. դրամ վնաս պետությանը. նպաստը չդադարեցնելու համար սոցծառայության պաշտոնյան կալանավորվել է

Սոցծառայության պաշտոնյան  ստացել է կաշառք՝ դրա դիմաց չարձանագրելով Լոռու մարզի բնակչի կողմից ՍՊԸ-ում աշխատելու և խոշոր եղջերավոր անասուններ ունենալու հանգամանքները

Ավելի քան 700 հազ. դրամ վնաս պետությանը. նպաստը չդադարեցնելու համար  սոցծառայության պաշտոնյան կալանավորվել է


ԵՐԵՎԱՆ, 23 մարտի․/Նովոստի-Արմենիա/. Սոցծառայության պաշտոնատար անձը Լոռու մարզի բնակչի կողմից նպաստ ստանալու գործընթացը չդադարեցնելու համար 2022 թ.-ին որպես կաշառք ստացել է նրա մեկ ամսվա նպաստի չափով գումար՝ դրա դիմաց չարձանագրելով վերջինիս կողմից ՍՊԸ-ում աշխատելու և խոշոր եղջերավոր անասուններ ունենալու հանգամանքները։


Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։


ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԱՍՀ Միասնական սոցիալական ծառայության Վանաձորի տարածքային կենտրոնի պաշտոնատար անձը, օգտագործելով իր իշխանական և ծառայողական լիազորությունները, ապօրինի գործողությունների համար ստացել է կաշառք, ինչպես նաև կատարել պաշտոնեական կեղծիք և հափշտակություն։


«Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ նշված պաշտոնատար անձը Լոռու մարզի բնակչի կողմից նպաստ ստանալու գործընթացը չդադարեցնելու համար 2022 թվականին որպես կաշառք ստացել է նրա մեկ ամսվա նպաստի չափով գումար՝ դրա դիմաց չարձանագրելով վերջինիս կողմից ՍՊԸ-ում աշխատելու և խոշոր եղջերավոր անասուններ ունենալու հանգամանքները, ինչպես նաև կազմել և հաստատել է պաշտոնական շրջանառության ենթակա կեղծ արձանագրություն», – նշված է հաղորդագրության մեջ։


Նշվում է, որ նախաքննության ընթացքում բացահայտվել է նաև հիշյալ պաշտոնյայի կողմից նույն բնակավայրի մեկ այլ բնակչից կրկին մեկ ամսվա նպաստի գումարի չափով կաշառք ստանալու դեպք: Արդյունքում՝ Լոռու մարզի երկու բնակիչներ ստացել են ընդհանուր 786.000 ՀՀ դրամի չափով նպաստի գումար:


Միասնական սոցիալական ծառայության աշխատակցին մեղադրանք է ներկայացվել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: Մեղադրանքներ են ներկայացվել նաև Լոռու մարզի 3 բնակիչներին:


Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:


Leave a Comment