23 մարտի 2026 – 10:37 AMT
PanARMENIAN.Net – Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին Վրաստան մեկնելու թույլտվություն չտրամադրելը բացասական արձագանք է ստացել ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային հարթակներում, ասել է փաստաբան Արա Զոհրաբյանը:
Նրա խոսքով՝ քննիչի որոշումը՝ թույլ չտալ Գարեգին Բ-ին մասնակցել Վրաստանի կաթողիկոսի հուղարկավորությանը, լուրջ խնդիր և խայտառակություն է, հայտնում է Sputnik Արմենիան:
«Սա շատ բացասական ազդեցություն է թողել. տարբեր երկրներում այս հարցն արդեն քննարկվում է, և բնականաբար, սա խայտառակություն էր մեր երկրի համար։ Բայց մենք տեսանք նաև, որ դրան նախորդող օրը Նիկոլ Փաշինյանը բացասական արտահայտվեց Վեհափառ հայրապետի հասցեին. արդեն այդ հաղորդագրությունից պարզ էր, որ քննիչը պետք է հենց այդ կերպ էլ վարվի։ Անկեղծ ասած՝ հույս ունեի, որ իրենք գոնե կգնան խելամտության կանխավարկածով, բայց, ցավոք, այդպես չեղավ»,- ասել է Զոհրաբյանը։
Նրա գնահատմամբ՝ վերջին օրերին եկեղեցականների նկատմամբ կիրառվող խափանման միջոցների փոփոխությունները չեն վկայում դատական համակարգում արմատական փոփոխությունների մասին։ Ընդհանուր մոտեցումը չի փոխվել, սակայն առանձին դեպքերում արդյունքը պայմանավորված է եղել կոնկրետ դատավորների անկախությամբ։ Նա նշել է, որ Մկրտիչ և Միքայել սրբազանների գործերով որոշումները փոփոխվել են վերաքննիչ ատյանի միջամտությունից հետո, երբ արձանագրվել են խախտումներ։
«Հակաեկեղեցական արշավից իշխանությունը չի հրաժարվել, ուղղակի հիմա մեթոդներն է փոխում, որովհետև հասկացավ, որ այն մեթոդները, որոնցով ինքը գնում էր, օրինակ՝ Սուրբ պատարագի բովանդակության խմբագրումը և այլն, չեն աշխատում, ու հավատացյալները չեն գնում իր հետևից հասկանալով, որ դա սխալ բան է։ Դատական իշխանության մեջ նույնպես այդ բացասական տրամադրությունն է։ Իհարկե, դատավորների մի մասը, որոնք հիմա զբաղվում են մեր եկեղեցականների գործերով, վստահ եմ գիտակցում է և չի ցանկանում այդպես անել, ինչպես անում է, բայց, ցավոք, այսօրվա քաղաքական տրամադրությունների ներքո է»,- նշել է նա։
Փաստաբանը վերահաստատել է իր նախկին պնդումը, ըստ որի՝ այն դատավորները, որոնք ընդունել են ապօրինի որոշումներ, պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Սակայն այս գործընթացը, նրա խոսքով, բարդանում է Բարձրագույն դատական խորհրդի դիրքորոշմամբ, որը պաշտպանում է քաղաքական իշխանությանը։
«Մենք այդ ուղղությամբ քայլեր ենք ձեռնարկում, և ժամանակի ընթացքում կտեսնեք, որ այն անձինք, որոնք ապօրինի են գործել, պատասխան են տալու»,- ասել է փաստաբանը։
Զոհրաբյանը չի բացառել նաև միջազգային իրավական մեխանիզմների կիրառումը, եթե ներպետական մակարդակում հարցերը լուծում չստանան։ Նրա խոսքով՝ նման գործիքներ առկա են, և անհրաժեշտության դեպքում դրանք կկիրառվեն, սակայն առաջնահերթությունը դեռևս տրվում է ներպետական գործընթացներին։
Փաստաբանը անդրադարձել է նաև եկեղեցու գույքի և առանձին վանքերի շուրջ ընթացող իրավական գործընթացներին՝ նշելով, որ տարբեր ուղղություններով արդեն նախաձեռնվել են դատական և քրեական վարույթներ։
«Կան քաղաքացիական գործեր՝ վտարման պահանջով, ինչպես նաև վարչական գործեր՝ ոստիկանության գործողությունները վիճարկելու նպատակով։ Բացի այդ, որոշ դեպքերում հարուցվել են նաև քրեական գործեր՝ եկեղեցու գույքի ապօրինի օգտագործման հիմքով»,- հավելել է Զոհրաբյանը։
Ամփոփելով՝ պաշտպանն ընդգծել է իրավապահ համակարգի անհավասար մոտեցումը՝ այն չի ծառայում եկեղեցու շահերին, սակայն եկեղեցու դեմ ուղղված ցանկացած շահի դեպքում արագ արձագանքում է։
Քննիչի որոշմամբ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին չի թույլատրվել մեկնել Վրաստան՝ մասնակցելու Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի հուղարկավորությանը։ Փաստաբան Արա Զոհրաբյանը: Նա քննիչի որոշումը որակել է «երկրի վարկանիշը վնասող հերթական ապօրինություն»:
Փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի գործով դատական ակտը չկատարելու մեղադրանքով, և արգելել է նրա ելքը Հայաստանից: