Թրամփի «Խաղաղության խորհուրդը» ՀԱՄԱՍ-ին զինաթափվելու կոչ է արել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «Խաղաղության խորհուրդը» պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը ներկայացրել է պայմանների ցանկ, որոնց կատարման դեպքում այն կարող է վայր դնել զենքը, հաղորդել են NPR-ը և Reuters-ը։

Ըստ աղբյուրների՝ առաջարկը ՀԱՄԱՍ-ին փոխանցվել է նախորդ շաբաթ Կահիրեում կայացած բանակցությունների ընթացքում։ Հանդիպմանը մասնակցել են Խորհրդի գլխավոր տնօրեն Նիկոլայ Մլադենովը և Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի օգնական Արյեհ Լայթսթոունը։

Մլադենովը X սոցիալական ցանցում նշել է, որ պահանջվում է «մեկ հստակ ընտրություն»՝ ՀԱՄԱՍ-ի և բոլոր զինված խմբավորումների լիակատար զինաթափում՝ առանց բացառությունների կամ վերապահումների։

ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչներն առայժմ չեն արձագանքել առաջարկին։ Միևնույն ժամանակ, հաղորդվում է, որ զինաթափման շուրջ բանակցությունները կասեցվել են փետրվարի 28-ին Իրանում ԱՄՆ-Իսրայել ռազմական բախումների ֆոնին։

Մասնագետների գնահատմամբ՝ Գազայի հատվածի լիարժեք վերականգնման համար անհրաժեշտ է մոտ 70 միլիարդ դոլար։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ վերակառուցման գործընթացը կարող է սկսվել միայն ՀԱՄԱՍ-ի զինաթափումից հետո։

ՀԱՄԱՍ-ը, սակայն, մերժում է այդ պահանջը և շարունակում է պահպանել իր վերահսկողությունը Գազայի հատվածում։ Մինչ այժմ որևէ երկիր, որը կարող է ներգրավվել կայունացման գործընթացում, չի հայտնել պատրաստակամություն՝ մասնակցելու խմբավորման հարկադիր զինաթափմանը։

Leave a Comment