21 մարտի 2026 – 10:43 AMT
PanARMENIAN.Net – Պատերազմ չի՛ լինելու, լինելու է երկարատև, կայուն ու երաշխավորված խաղաղություն, հայտարարել է «Մեր ձևով» շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին:
Փաշինյանը մեղադրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, գործարար և բարերար Գագիկ Ծառուկյանին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմանավորվածությունները վերանայելու և «պատերազմի դուռը բացելու մեջ»:
«Ժողովրդի վստահությունն անդառնալիորեն մսխած, Հայաստանի գլխին երեք պատերազմ բերած ու դրանցում պարտված թույլ ղեկավարը վախեցած է։
Նրա վախերը սաստկացել են ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի` Ուժեղ անվտանգության ծրագրի շնորհանդեսից հետո։ Վախը նրան ստիպում է սեփական ժողովրդին շանտաժի ենթարկել ու սպառնալ պատերազմով։
Նիկոլ Փաշինյան, պատերազմ չի՛ լինելու, լինելու է երկարատև, կայուն ու երաշխավորված խաղաղություն` ոչ թե վկայով, այլ մեկից ավելի երաշխավորներով։
Ուժեղ դիվանագիտությունը պատերազմ չի՛ սկսում, այն կանխում է պատերազմները, ուժեղ բանակը ռիսկեր չի՛ ստեղծում, այն զսպում է ռիսկերը, ուժեղ ղեկավարը պայմանավորվում է ու կյանքեր է փրկում` առանց մեկ կրակոցի, իսկ թույլ ղեկավարը պատերազմ է բերում և ընդունում է հակառակորդի բոլոր պահանջները` մի կողմ դնելով ազգային պետական շահը»,– գրել է Ղահրամանյանը։
Փաշինյանն իր ուղերձում հայտարարել է, որ Քոչարյանի, Կարապետյանի և Ծառուկյանի ղեկավարած ուժերը խոսում են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը վերաբանակցելու, խոսում են խաղաղությունը վերաբանակցելու և պարտադրելու, այդ թվում՝ ուժային եղանակով պարտադրելու մասին։
«Սա միանշանակ և աներկբա նշանակում է ոչ միայն դուռը բացել պատերազմի համար, այլև անխուսափելի այն դարձնել»,- ասել է Փաշինյանը։
Նա հավելել է, որ երաշխավորների մասին խոսույթով «պարզապես բացվում է մեր տարածաշրջան և մեր երկիր խաղաղապահներ մտցնելու դուռը»։
«Թե ինչ հետևանքների է հանգեցրել խաղաղապահների գործունեությունը, մենք բոլորս տեսել ենք մեր աչքերով։ Եվ նույն փոսը երկու անգամ ընկնելու կոչ անող ուժերը միանշանակ և աներկբա պետք է մերժվեն»,-ասել է վարչապետը:
Նա հավելել է, որ «խաղաղության վերանայման օրակարգով հանդես են գալիս օտար պետությունների էմիսարները»։
«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ կողմ է Ադրբեջանի հետ խաղաղությանը, սակայն միայն հստակ անվտանգության երաշխիքների առկայության պայմաններում։ Գագիկ Ծառուկյանին, ապա նա առաջ է քաշել «երաշխավորված խաղաղության» գաղափարը։
Մարտի 19-ին Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ընդդիմության հաղթանակի դեպքում մինչև սեպտեմբեր հնարավոր է պատերազմ՝ ծանր հետևանքներով։