Ի՞նչ է անցումային արդարադատությունը։ Անցումային արդարադատությունը փոփոխությունների համակարգ է, գաղափարախոսություն, որը ռեպրեսիվ, պատերազմական, կոռումպացված, տնտեսական, սոցիալական, իրավական և քաղաքական ասպեկտների թույլ զարգացվածություն և օլիգարխիկ կառավարում ունեցող երկրներին հնարավորություն է տալիս դառնալ ժողովրդավար և մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները երաշխավորող, այլ ոչ թե՝ նշյալ սկզբունքները միայն օրենսդրորեն ամրագրող երկրներ։ Միևնույն ժամանակ, այն նաև մեխանիզմների ամբողջություն է, որոնց համալիր կիրառմամբ հնարավոր է իրականացնել անաչառ արդարադատություն, բացահայտել ճշմարտությունը, վերականգնել տուժողների խախտված իրավունքները և հասնել հանրային համերաշխության և խաղաղության մթնոլորտի հաստատմանը։
Անցումային արդարադատությունը ներառում է տարբեր կոմպոնենտներ՝ քրեական արդարադատություն, փաստահավաք կամ ճշմարտության հանձնաժողովներ, ինստիտուցիոնալ բարեփոխումներ, վնասների փոխհատուցման մեխանիզմներ, իսկ որոշ դեպքերում նաև դատական գործընթացներ։ Նման մեխանիզմների նպատակն է՝ փաստերի ուսումնասիրության միջոցով հասկանալ համակարգային խնդիրների պատճառները և կանխել դրանց կրկնությունը ապագայում։
Հայաստանում այս թեման սկսվեց քննարկվել 2018 թվականի հեղափոխությունից հետո։
Միջազգային փորձ. անցումային արդարադատության տարբեր մոդելներ
Տարբեր երկրներում անցումային արդարադատության գործիքների կիրառումը տեղի է ունեցել տարբեր քաղաքական և պատմական պայմաններում։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ նման գործընթացները հիմնականում ներառում են ճշմարտության բացահայտման հանձնաժողովներ, նախկին ռեժիմների գործունեության իրավական գնահատում, զոհերի փոխհատուցում և պետական ինստիտուտների բարեփոխումներ։ Չնայած կիրառված գործիքների բազմազանությանը՝ այս գործընթացների հիմնական նպատակն է եղել փաստագրել անցյալի խախտումները և ձևավորել այնպիսի ինստիտուցիոնալ համակարգ, որը կկանխի դրանց կրկնությունը։
Հետաքրքիր են հատկապես Չիլիի, Լիտվայի, Լատվիայի և Գերմանիայի փորձերը, որոնք ցույց են տալիս անցումային արդարադատության տարբեր մոդելներ և դրանց արդյունքները։
Չիլի։ Չիլիում անցումային արդարադատության գործընթացը սկսվեց 1990 թվականին՝ ռազմական բռնապետության ավարտից հետո։ 1973 թվականին գեներալ Աուգուստո Պինոչետի ղեկավարությամբ տեղի ունեցած հեղաշրջումից հետո երկիրը շուրջ 16 տարի կառավարվեց զինվորական ռեժիմի կողմից, որի ընթացքում արձանագրվեցին մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներ՝ քաղաքական սպանություններ, անհետացումներ և խոշտանգումներ։ Ժողովրդավարական իշխանության հաստատումից հետո ստեղծվեց Ճշմարտության և հաշտեցման ազգային հանձնաժողովը, որն ուսումնասիրեց այդ ժամանակաշրջանի խախտումները և հրապարակեց դրանց վերաբերյալ զեկույց։
Հետագայում ստեղծվեց նաև երկրորդ հանձնաժողովը, որն ուսումնասիրեց քաղաքական ձերբակալությունների և խոշտանգումների դեպքերը։ Չիլիում իրականացվեցին նաև զոհերի փոխհատուցման ծրագրեր և սոցիալական աջակցության մեխանիզմներ։ Չնայած երկար ժամանակ գործող համաներման օրենքին, հետագա տարիներին սկսվեցին նաև դատական գործընթացներ նախկին ռեժիմի ներկայացուցիչների նկատմամբ, իսկ պետությունը պաշտոնապես ճանաչեց այդ ժամանակաշրջանի զոհերին։
Լիտվա։ Լիտվայում անցումային արդարադատությունը հիմնականում ուղղված էր խորհրդային ժամանակաշրջանի քաղաքական ռեպրեսիաների ուսումնասիրությանը և դրանց հետևանքների գնահատմանը։ 1990 թվականին անկախություն ձեռք բերելուց հետո պետությունը սկսեց ուսումնասիրել խորհրդային իշխանության տարիներին տեղի ունեցած բռնաճնշումները և դրանց ազդեցությունը հասարակության վրա։ Այդ նպատակով ստեղծվեցին մի շարք պետական և միջազգային հանձնաժողովներ, որոնք ուսումնասիրում էին ինչպես խորհրդային, այնպես էլ նացիստական օկուպացիայի ժամանակ տեղի ունեցած հանցագործությունները։
Լիտվայում ստեղծվեց նաև հատուկ հետազոտական կենտրոն, որը զբաղվում էր խորհրդային ռեպրեսիաների փաստաթղթերի հավաքագրմամբ և ուսումնասիրությամբ։ Միաժամանակ ընդունվեցին օրենքներ քաղաքական բանտարկյալների և աքսորյալների վերականգնման վերաբերյալ, որոնք նախատեսում էին սոցիալական աջակցություն և որոշ դեպքերում ֆինանսական փոխհատուցում։
Լատվիա։ Լատվիայում անցումային արդարադատության գործընթացը սկսվեց անկախության վերականգնումից հետո՝ 1991 թվականին։ Երկրի իշխանությունները սկսեցին ուսումնասիրել խորհրդային կառավարման տարիներին գործող քաղաքական և անվտանգության կառույցների գործունեությունը և որոշ դեպքերում փորձեցին իրավական գնահատական տալ այդ ժամանակաշրջանի գործողություններին։ Այս գործընթացը նաև ուղղված էր պետական կառավարման համակարգի վերափոխմանը։
Արդյունքում, իրականացվեցին ինստիտուցիոնալ փոփոխություններ, որոնց արդյունքում լուծարվեցին խորհրդային անվտանգության կառույցները, և պետական կառավարման համակարգում ներդրվեցին սահմանափակումներ նախկին կոմունիստական կառույցների որոշ ներկայացուցիչների մասնակցության վերաբերյալ։
Գերմանիա։ Գերմանիայում անցումային արդարադատության գործընթացը ձևավորվեց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ նացիստական ռեժիմի պարտությունից հետո։ 1945 թվականին ստեղծվեց Նյուրմբերգի միջազգային ռազմական տրիբունալը, որի նպատակն էր դատել նացիստական Գերմանիայի բարձրագույն ղեկավարությանը։ Այս դատավարությունները դարձան միջազգային իրավունքի կարևոր նախադեպ և ձևավորեցին մի շարք հիմնարար սկզբունքներ, այդ թվում՝ մարդկության դեմ հանցագործության իրավական սահմանումը։
Հետագա տարիներին Գերմանիայում ստեղծվեցին հատուկ դատախազական և հետաքննող կառույցներ, որոնք զբաղվում էին նացիստական հանցագործությունների հետաքննությամբ, իսկ կրթական և հիշողության քաղաքականության շրջանակում ստեղծվեցին թանգարաններ և հետազոտական կենտրոններ, որոնք նպաստում էին այդ ժամանակաշրջանի պատմության ուսումնասիրմանը։
Տարբեր երկրներում անցումային արդարադատության գործընթացները հանգեցրել են կոնկրետ իրավական և ինստիտուցիոնալ փոփոխությունների՝ սկսած քրեական դատավարություններից և ճշմարտության հանձնաժողովների ստեղծումից մինչև փոխհատուցման ծրագրեր և պետական կառավարման համակարգի բարեփոխումներ։ Այս փորձերը ցույց են տալիս, որ անցումային արդարադատությունը հաճախ ներառում է ոչ միայն անցյալի հանցագործությունների գնահատում, այլ նաև երկարաժամկետ ինստիտուցիոնալ փոփոխություններ, որոնք ուղղված են ժողովրդավարական համակարգի ամրապնդմանը։
Քաղաքական հայտարարություն՝ Հայաստանյան անցումային արդարադատության մասին
Հայաստանում անցումային արդարադատության թեման հանրային և քաղաքական օրակարգում հայտնվեց 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո։ 2018 թվականի օգոստոսի 17-ին՝ հեղափոխությունից 100 օր անց կազմակերպված հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ անցումային արդարադատության հնարավոր մեխանիզմներին։
Նա նշեց, որ գործող օրենսդրությունը որոշ դեպքերում կարող է դժվարություններ ստեղծել նախկինում տեղի ունեցած հնարավոր իրավախախտումների քննության համար, և այդ պայմաններում անհրաժեշտ է քննարկել նոր մեխանիզմների կիրառման հնարավորությունը։
Վարչապետը հայտարարեց.
«Կարծում եմ՝ մենք իսկապես պետք է լրջորեն մտածենք անցումային արդարադատության նոր մարմիններ ձևավորելու մասին»։
Նա նաև ընդգծեց, որ խոսքը արտակարգ դատարանների ստեղծման մասին չէ, այլ այնպիսի մեխանիզմների, որոնք կարող են նպաստել փաստերի ուսումնասիրմանը և իրավական գնահատականների ձևավորմանը։
Այս քննարկումները առիթ հանդիսացան տարբեր մասնագիտական, այդ թվում պետական մարմինների շրջանակներում քննարկումներ սկսելու համար, որոնք հետագայում իրենց ամրագրումը ստացան նաև իրավական ակտերում։
2018 թվականի նոյեմբերի 28-ին Իրավաբանների հայկական ասոցիացիան կազմակերպեց քաղաքացիական հասարակություն–կառավարություն համաժողով՝ «Անցումային արդարադատության մեխանիզմների ներդրման հնարավորությունը ՀՀ-ում՝ միջազգային փորձի լույսի ներքո» թեմայով։ Համաժողովի նպատակն էր՝ քննարկել, թե ինչպիսի մեխանիզմներ կարող են կիրառվել Հայաստանում՝ հաշվի առնելով միջազգային փորձը։ Միջոցառմանը մասնակցում էին բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՔՀԿ ներկայացուցիչներ, փորձագետներ և այլ հետարքրքված անձինք։
Համաժողովում մասնակցում էր ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը (ներկայիս ՀՀ Արտաքին գործերի նախարար), հիմնական զեկուցումներով հանդես եկան ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Աննա Վարդապետյանը (ներկայիս ՀՀ գլխավոր դատախազ), փաստաբան Վահե Գրիգորյանը (ՀՀ-ից ընտրված ՄԻԵԴ դատավոր) և Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը։ Զեկուցողները ներկայացրեցին անցումային արդարադատության վերաբերյալ միջազգային փորձը և քննարկեցին անցումային արդարադատության հնարավոր գործիքները՝ ճշմարտության հանձնաժողովներ, փոխհատուցման ծրագրեր, ինչպես նաև դատաիրավական համակարգում վեթթինգի և լյուստրացիայի հնարավոր մեխանիզմները։
Քննարկումների արդյունքում ընդգծվեց, որ նման գործընթացի իրականացման համար անհրաժեշտ է նախ մշակել համապատասխան իրավական և հայեցակարգային հիմքեր, ինչպես նաև ապահովել հանրային լայն քննարկում։
Հենց այս փորձագիտական քննարկումն էլ առիթ հանդիսացավ 2019 թվականի մայիսի 24-ին ԱԺ-ում հրավիրված «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումներին։
Հատվածներ այդ լումներից․
Հայաստանի դատական և իրավական ռազմավարությունը և օրենսդրական նախաձեռնությունը՝ փաստահավաք հանձնաժողովի ստեղծման համար
Այս բոլոր փորձագիտական և խորհրդարանական քննարկումների արդյունքը դարձավ այն, որ Փաստահավաք հանձնաժողովի ստեղծման գաղափարը մտցվեց ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019–2023 թվականների ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի մեջ, որպես անցումային արդարադատության կարևոր գործիք՝ դատական և իրավական համակարգի համապարփակ բարեփոխումները ապահովելու նպատակով։
Այդ ծրագրով նախատեսվում էր մշակել «Փաստահավաք հանձնաժողովի կազմավորման կարգի և գործունեության մասին» օրենքի նախագիծը, որը հետագայում հրապարակվեց e-draft հարթակում։ Օրենքի նախագծի համաձայն՝ նախատեսվում էր սահմանել այն իրավական հիմքերը, որոնցով պետք է ստեղծվեր փաստահավաք հանձնաժողովը։
Նախագծով նախատեսված էր, որ Փաստահավաք հանձնաժողովի կազմում պետք է լինեին 9 անդամ, որոնք պետք է ունենային բարձրագույն կրթություն, բավարար մասնագիտական փորձ և հանրային հեղինակություն, ինչպես նաև պարտադիր էր, որ նախկինում նրանք զբաղեցրած չլինեին քաղաքական պաշտոններ։
Հանձնաժողովի գործունեության կենտրոնում պետք է լինեին 1991 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2018 թվականի ապրիլ ամիսը տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումների և դրանց պատճառների ուսումնասիրման, բացահայտման և գնահատման հարցերը, ինչպես նաև դրանց հետևանքների նվազեցման և խախտված իրավունքների վերականգնման մեխանիզմների մշակումը։
Հանձնաժողովի իրավասությունների շրջանակում էր փաստերի հավաքագրում, վկայությունների ստացում, պետական և տեղական մարմիններից տեղեկությունների պահանջ, հանրային լսումների կազմակերպում, փորձագետների ներգրավում, զեկույցների կազմում, առաջարկությունների ներկայացում Կառավարությանը և Ազգային ժողովին, տուժածների իրավունքների պաշտպանության միջոցների մշակման աջակցություն, ինչպես նաև միջազգային համագործակցություն և անհրաժեշտ դեպքում օտարերկրյա մարմիններից տեղեկությունների ստացում:
Սակայն հետագայում օրենքի նախագիծը չընդունվեց, և հանձնաժողովի ստեղծման հարցը այդ փուլում մնաց չլուծված: Արդյունքում՝ դատաիրավական ռազմավարությունը այդ ուղղությամբ իր նպատակը չիրականացրեց։
Նոր դատական և իրավական ռազմավարություն՝ 2022–2026 թվականներ
Անցումային արդարադատության թեման կրկին ներառվեց արդեն հաջորդ իրավական փաստաթղթում՝ ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022–2026 թվականների ռազմավարությունում։
Ռազմավարությունում նախատեսված էր հետևյալ նպատակը.
Անցումային արդարադատության գործիքակազմի կիրառում՝ փաստահավաք գործունեության միջոցով մարդու իրավունքների համակարգային խախտումների բացահայտմամբ։ Այս նպատակի կատարման համար նախատեսված էր հետևյալ հիմնական գործողությունները՝
- Մշակել փաստահավաք գործառույթներ իրականացնող կառույցի ձևավորման վերաբերյալ օրենսդրական նախագծերի փաթեթ։
- Ձևավորել փաստահավաք գործառույթներ իրականացնող կառույց։
Այս գործողությունները նախատեսված էին իրականացնել 2023 թվականին, սակայն ՀՀ արդարադատության նախարարության կողմից հրապարակված 2023 թվականի հաշվետվությամբ պարզ դարձավ, որ այս գործողությունները գնահատվել են չկատարված այդ հաշվետու ժամանակահատվածում։ Հավելենք նաև, որ դիտարկվող ժամանակահատվածում մասնակի կատարված կամ չկատարված գործողությունների վերաբերյալ հաջորդիվ հրապարակված հաշվետվություններում թարմացված տեղեկատվություն չէր ներկայացվել։
Միևնույն ժամանակ, փաստահավաք հանձնաժողովի ձևավորման իրավական կարգավորումները առաջարկվեց ներառել «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքում։
Արդյունքում, 2025 թվականի հունվարի 3-ին datairav.am կայքում թարմացված տեղեկատվությամբ նշվել է, որ 2024 թվականի դեկտեմբերի 4- ին ԱԺ-ի կողմից երկրորդ ընթերցմամբ ամբողջությամբ ընդունվել է «Հանրային խորհրդի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվեց քննարկվող հանձնաժողովի ստեղծման իրավական հնարավորությունը։
Միևնույն ժամանակ, հարկ է ընդգծել, որ ըստ էության, այս նախագիծն էլ չկարողացավ ամբողջությամբ լուծել հանձնաժողովի ստեղծման և անցումային արդարադատության գործիքակազմի արդյունավետ իրականացման հարցը։
Իրավական կարգավորում՝ Հանրային խորհրդի շրջանակում
Ըստ օրենքի, հանձնաժողովը պետք է կազմված լինի յոթ անդամից, և դրա գործունեության շրջանակը ներառում է՝
- ուսումնասիրված ժամանակահատվածում (1991-ի սեպտեմբերից մինչև 2018-ի ապրիլ) մարդու իրավունքների խախտումների փաստերի հավաքագրում և վերլուծություն,
- խախտումների պատճառների, հանգամանքների և դրանց գործառնական/ինստիտուցիոնալ հենքի բացահայտում,
- համակարգային բարեփոխումների առաջարկների մշակում, տուժածների իրավունքների վերականգնում և փոխհատուցման մեխանիզմների սահմանում:
Հանձնաժողովի անդամների ընտրությունը պետք է իրականացվի երկու փուլով՝ հրապարակային մրցույթի և գնահատման միջոցով, որտեղ գնահատվում է թեկնածուի մասնագիտական փորձը, մասնակցությունը ծրագրերի ու հետազոտություններին, հրապարակումների բնույթը, տեղական ու սեռային հավասար ներկայացվածությունը: Հանձնաժողովի նախագահն ընտրվում է անդամների ձայների մեծամասնությամբ:
Հանձնաժողովի իրավասություններն են՝
- հավաքել և վերլուծել դեպքերի և խախտումների վերաբերյալ փաստեր,
- պահանջել տեղեկություններ պետական և տեղական մարմիններից, կազմակերպել այցելություններ և ուսումնասիրություններ,
- ներգրավել ազգային և միջազգային փորձագետների,
- անցկացնել հանրային քննարկումներ ու լսումներ,
- ներկայացնել առաջարկություններ Կառավարությանը և իրավասու մարմիններին՝ տուժածների իրավունքների վերականգնման և պաշտպանության ուղղությամբ,
- կազմել զեկույցներ իր գործունեության և արդյունքների մասին,
- համագործակցել պետական, տեղական ու միջազգային կառույցների հետ, ինչպես նաև իրականացնել օրենքով նախատեսված այլ լիազորություններ:
Այսպիսով, վերոնշյալ օրենքի ընդունմամբ տեղի ունեցան որոշակի իրավական փոփոխություններ, որը ստեղծեց մեխանիզմ փաստահավաք հանձնաժողովի ձևավորման համար։
Մրցույթ՝ հանձնաժողովի անդամների ընտրության համար
2025 թվականին նախաձեռնությունը տեղափոխվեց գործնական փուլ։
ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային խորհրդի քարտուղարությունը, ղեկավարվելով օրենքի համապատասխան դրույթներով և կառավարության 2025 թվականի օգոստոսի 14-ի N1128-Լ որոշմամբ հաստատված կարգով, հայտարարեց փաստահավաք հանձնաժողովի անդամների ընտրության մրցույթ։
Հայտարարության մեջ նշված էր հանձնաժողովի անդամի թեկնածուներին ներկայացվող պահանջները, ամսական վճարի չափը և դիմելու կարգը։ Սակայն մրցույթը հետագայում հայտարարվեց չկայացած։
Հանրային խորհրդի կողմից տրված տեղեկատվության համաձայն՝
«2025 թվականի հոկտեմբերի 30-ին հայտարարված փաստահավաք հանձնաժողովի անդամի ընտրության մրցույթը համարվում է չկայացած՝ հանձնաժողովի անդամների քանակի համար սահմանված նվազագույն շեմը հաղթահարած չլինելու հիմքով»։
Ժամանակին իրականացվող անցումային արդարադատությունը իրավական հանձնառություն է
Հայաստանյան փորձը ցույց է տալիս, որ անցումային արդարադատության գաղափարը, թեև դե յուրե ամրագրվել է, սակայն դե ֆակտո պատկերն այլ է։ 2025 թվականի մրցույթը հանձնաժողովի անդամների ընտրության համար չկայացավ՝ անհրաժեշտ նվազագույն շեմը չգերազանցելու պատճառով, ինչը փաստացի ցույց է տալիս, որ այս գործընթացում կարևոր է և՛ քաղաքական կամքը, և՛ փորձագիտական ու հասարակական մասնակցության պատրաստակամությունը։
Ժամանակի գործոնը այս համատեքստում ունի հիմնարար նշանակություն․ ձգձգումները ոչ միայն նվազեցնում են գործընթացի նկատմամբ հանրային վստահությունը, այլև հանգեցնում են ապացույցների կորստի, պատասխանատվության ենթակա անձանց նույնականացման և պատասխանատվության իրականացման բարդացման, ինչպես նաև անպատժելիության մշակույթի վերարտադրմանը։
Հետևաբար, անցումային արդարադատության միջոցառումների ժամանակին իրականացումը պետք է դիտարկել ոչ թե որպես քաղաքական նպատակահարմարության հարց, այլ որպես իրավական հանձնառություն՝ բխող մարդու իրավունքների պաշտպանության, արդար դատաքննության և արդյունավետ իրավական պաշտպանության հիմնարար սկզբունքներից։
Անահիտ Մարդոյան