Իսպանիայի ազգային գրադարանը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ, կազմակերպում է «Հոգևոր քարտեզի արահետներով․ հայկական ձեռագրական արվեստը» խորագրով ցուցահանդեսը, որը հանդիսավորությամբ կբացվի Մադրիդում մարտի 26-ին: Այցելուների համար ցուցադրությունը բաց կլինի մարտի 27-ից հունիսի 21-ը՝ ներկայացնելով Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարան ինստիտուտում պահվող կարևորագույն հայկական ձեռագրերի ընտրանի։
Ինչպես տեղեկացրին Մատենադարանից, ցուցադրությունը հնարավորություն կտա ծանոթանալու հայկական մշակույթին, պատմությանը, հավատալիքներին, սփյուռքի ձևավորմանը, ինչպես նաև ձեռագիր մատյանների ստեղծման և ձևավորման ավանդույթներին։
Ցուցանմուշների զգալի մասն առաջին անգամ է ներկայացվում Հայաստանից դուրս, ինչը ցուցահանդեսը դարձնում է բացառիկ հնարավորություն՝ բացահայտելու հայկական ձեռագրերի գեղարվեստական արժեքը՝ դրանց մանրանկարներն ու կազմարվեստը։
Նախագիծն իրականացվում է նաև Իսպանիայի Ազգային գրադարանի բարեկամների հիմնադրամի (FABNE) հետ համագործակցությամբ։
Հայկական ձեռագրերը միջազգային ճանաչում ունեն հատկապես իրենց մանրանկարչությամբ, որը ձևավորվել է տարբեր տարածաշրջանային դպրոցներում՝ յուրահատուկ ոճական և պատկերագրական առանձնահատկություններով։ Այս բազմազանությունը վկայում է հայկական գրավոր ժառանգության լայն աշխարհագրության մասին․ ձեռագրերը ստեղծվել են ինչպես պատմական Հայաստանի մշակութային կենտրոններում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Այսօր հայկական ձեռագրերը պահվում են աշխարհի տարբեր գրադարաններում և թանգարաններում՝ վկայելով հայկական մշակույթի համաշխարհային տարածման և ազդեցության մասին։
Ցուցահանդեսը նպատակ ունի ներկայացնելու հայկական այս եզակի ժառանգությունն ու հայ ժողովրդի մշակութային հարստությունը։