Հայաստանում բացահայտվել է կուսածին մողեսի տեսակ, որը, սակայն, վտանգված է։ Լուրն «Էկոսֆերային» հայտնում է պրոֆեսոր Մարինե Առաքելյանը։
Նա նշում է՝ Հայաստանում առաջին անգամ է հաստատվել այդ կուսածին տեսակը, մինչ այս հանդիպել է Թուրքիայի տարածքում։ Միաժամանակ, գիտնականն ահազանգում է, որ մեր երկրում մանր կենդանատեսակների զգալի մասը հայտնվել է անհետացման եզրին՝ պաշտպանությանն առնչվող խնդիրների պատճառով. ապրելավայրերն են ոչնչացվում։

Հայաստանը հարուստ կենսաբազմազանություն ունի. զոոաշխարհագրական և կլիմայական տարբեր հատվածներում խաչվող այս տարածքում յուրաքանչյուր 1000 կմ² տարածքի վրա հանդիպում է միջինում ավելի քան 100 տեսակ։ Սա աշխարհի ամենաբարձր ցուցանիշներից է։ ԵՊՀ կենդանաբանության ամբիոնի դասախոս, պրոֆեսոր Մարինե Առաքելյանի խոսքով՝ եթե հաշվարկենք մեկ քառակուսի կիլոմետրի վրա տեսակների քանակությունը, ապա աշխարհում կհայտնվենք առաջին տասնյակում։ Այսուհանդերձ, որքան խիտ են տեսակները, նույնքան էլ դժվարանում է նրանց պահպանությունը։ Մասնագետի խոսքով՝ առկա կենդանատեսակներից շատերը գտնվում են Կարմիր գրքում, քանի որ վտանգված են կամ անհետացման եզրին են։

Ու թեև Հայաստանում գրանցված ավելի քան 17,500 կենդանատեսակի ճնշող մեծամասնությունը՝ մոտ 17,000-ը, անողնաշարավորներն են, սակայն մասնագետները նշում են, որ այս թիվը ևս ստույգ չէ, քանի որ մանրամասն հետազոտության անհրաժեշտություն կա, ասում է ԵՊՀ կենդանաբանության ամբիոնի դասախոս, գիտաշխատող Մերի Արզումանյանը:
Միջատների դերը էկոհամակարգում չպետք է թերագնահատել. նրանք ունեն անչափ կարևոր դեր՝ ծառայում են որպես սնունդ կամ իրենք են սնվում այլ օրգանիզմներով։ Բացի դրանից, կան տեսակներ, որոնց առկայությունն, օրինակ՝ գետում, խոսում է վերջինիս մաքրության մասին։
Բացահայտումներից խոսելիս մասնագետներն ուրախությամբ նշում են հայտնաբերված նոր տեսակների մասին։ Հայաստանում հանդիպում է մողեսների 10 տեսակ, որոնցից 5-ը՝ կուսածին։ Վերջին՝ հինգերորդին Մարինե Առաքելյանը Կարպսի ջրամբարի կենսաբազմազանության ուսումնասիրության ժամանակ է հայտնաբերել. շուտով ամսագրում կհրապարակվի այս մասին։
Առաքելյանը նշում է, որ կենդանատեսակն այսօր ունի պահպանության խնդիր նաև այն պատճառով, որ շատերը տեղեկացված չեն, որ այս կամ այն հատվածում ապրում է կենդանական աշխարհի տվյալ ներկայացուցիչը։ Մարդիկ ոչ թե ուզում են վնասել նրանց, այլ պարզապես չգիտեն դրանց գոյության մասին։