Նեթանյահուն Թրամփի խնդրանքով համաձայնել է զերծ մնալ Իրանի գազի հանքավայրերին հարվածներից

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկիրը համաձայնել է չհարվածել Իրանի գազի հանքավայրերին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խնդրանքից հետո։ Այս մասին հայտնում է The Times of Israel-ը։

Նրա խոսքով՝ Իսրայելը նախկինում միայնակ հարված է հասցրել «Հարավային Պարս» գազի հանքավայրին, սակայն հետագա գրոհներից զերծ է մնում՝ ԱՄՆ-ի դիմումից հետո։

Թրամփն իր հերթին նշել էր, որ այդ հարվածը չի համակարգվել Վաշինգտոնի հետ, և ընդգծել էր, որ ԱՄՆ-ը կարող է ինքնուրույն հարվածներ հասցնել, եթե Իրանը չդադարեցնի գործողությունները տարածաշրջանում։

Նեթանյահուն նաև հայտարարել է, որ Իրանը այլևս չի կարող արդյունավետորեն զարգացնել միջուկային և հրթիռային ծրագրերը՝ ընդգծելով, որ հարվածների ընթացքում ոչնչացվում են համապատասխան արտադրական օբյեկտներ։

Նա հավելել է, որ Իսրայելը շարունակելու է թիրախավորել Իրանի ղեկավարությանը և չի բացառել նաև ցամաքային գործողությունների հնարավորությունը։

Միաժամանակ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ երկրի քաղաքական համակարգը կայուն է և առանձին պաշտոնյաների բացակայությունը չի ազդի դրա գործունեության վրա։

Leave a Comment