Այսօր Երջանկության միջազգային օրն է։
Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը նշում է՝ ամեն օր երջանկության օր է, եթե այն իմաստավորված է և բովանդակությամբ լի:
Հայր Սուրբի խոսքով՝ Քրիստոնյայի համար իրական երջանկությունն աստվածճանաչողությունն է, և Աստծո պարգևած կյանքի ամեն պահի համար Նրան գոհություն հայտնելը:
«Հրա՞շք չէ, երբ առավոտյան կարող ես աչքերդ բացել և լույսի շողը տեսնել, շփվել ընտանիքիդ, հարազատներիդ և ընկերներիդ հետ, դժվարություններ հաղթահարել, ուրախանալ և ուրախացնել ուրիշներին, տառապել, չարչարվել, բայց այդ ամենից հաղթանակած դուրս գալ:
Երջանիկ լինելը մարտահրավեր է մարդու համար, որը պահանջում է համբերատարություն, պատասխանատվություն և սեր ամեն ինչում:
Երջանի՛կ եղեք և երջանկացրե՛ք ձեզ շրջապատող մարդկանց, հաճա՛խ ժպտացեք, լավատե՛ս եղեք, հոգո՛վ եռացեք և Տիրո՛ջը ապավինեցեք»,- հավելել է Հայր Զաքարիան։