
ԱՄՆ-ն և Ճապոնիան պայմանավորվել են ամերիկյան էներգետիկայի մեջ մինչև 73 միլիարդ դոլարի ճապոնական ներդրումների շուրջ, հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Համաձայնագիրը նախատեսում է երեք նախագծերի իրականացում, ներառյալ հաջորդ սերնդի փոքր մոդուլային ռեակտորների կառուցումը: Նախագիծը կիրականացվի Hitachi և GE Vernova համատեղ ձեռնարկության կողմից Թենեսի և Ալաբամա նահանգներում: Դրա համար Տոկիոն կհատկացնի մինչև 40 միլիարդ դոլար:
Բացի այդ, նախատեսվում է մինչև 33 միլիարդ դոլար ներդնել Փենսիլվանիայում և Տեխասում գազային էլեկտրակայանների կառուցման համար՝ էլեկտրաէներգիայի աճող պահանջարկը ծածկելու նպատակով, այդ թվում՝ արհեստական բանականության ոլորտի տվյալների մշակման կենտրոնների կողմից:
Ներդրումները հանդիսանում են ամերիկյան նախագծերի ֆինանսավորման գծով Ճապոնիայի ստանձնած ընդհանուր 550 միլիարդ դոլարի պարտավորությունների երկրորդ փուլի մաս, որոնք ձեռք են բերվել երկրների միջև առևտրային համաձայնագրի շրջանակներում: