Մարտի 19-ին ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել բացման հանդիպում Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության՝ Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա էր նաև ԱՄՀ գործադիր խորհրդի անդամ, Հայաստանի մասով ԱՄՀ գործադիր տնօրենի տեղակալ Մարնիքս վան Ռիջը: Այս մասին հայտնել են ԿԲ-ից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին մակրոտնտեսական զարգացումները, տնտեսական հեռանկարները և հիմնական ռիսկերը, ինչպես նաև քաղաքականության հարցեր՝ ներառյալ դրամավարկային քաղաքականությունը, արտարժութային միջամտությունները և ֆինանսական հատվածի զարգացումները։
Կողմերն անդրադարձել են նաև ծրագրի շրջանակում նախատեսվող հիմնական բարեփոխումներին, այդ թվում՝ բանկերի կարգավորման, կապիտալի շուկայի զարգացման, ռիսկերի կառավարման, ինչպես նաև վճարային համակարգերի արդիականացման մասին։
