19 մարտի 2026 – 18:09 AMT
PanARMENIAN.Net – «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ԵԽ-ում ԵՄ-ՀՀ խորհրդարանական համագործակցության կոմիտեի նիստում ունեցած ելույթում ասել է, որ «չի կարող լինել խաղաղություն, երբ ադրբեջանական օկուպացիոն զորքերը ՀՀ տարածքում են․ լավագույն դեպքում ունենք հրադադար»։
«Եվ որպեսզի հրադադարը դառնա իրական խաղաղություն, պետք է ջանքեր թափենք, ստիպենք Ադրբեջանին վերջացնել իր ագրեսիվ քաղաքականությունը և պաշտպանենք ՀՀ-ի շահերը»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:
Նա անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ-ի Անկախության հռչակագրի և հանրաքվեի «նսեմացման քաղաքականությանը»։
«Ըստ Փաշինյանի՝ ՀՀ-ն անկախություն ստացավ ոչ թե որովհետև ընդունեց Անկախության հռչակագիրը, ոչ թե որովհետև ամբողջ ժողովուրդը գնաց ընտրատեղամասեր և քվեարկեց անկախության օգտին, այլ երբ ՀՀ-ն միացավ Անկախ պետությունների համագործակցությանը՝ Ալմաթայի հռչակագիրը ստորագրելով և վավերացնելով Բելովեժյան արձանագրությունը։ Այսինքն՝ եթե չլիներ Անկախ պետությունների համագործակցությունը, ՀՀ-ն անկախություն չէր ունենալու»,- ասել է նա։
Խաչատրյանը նաև անդրադարձել է TRIPP նախագծին:
«Փաստորեն քարտեզներով ցույց եմ տվել, որ այս վիճակում չի կարող ՀՀ-ի շրջափակումը ճեղքվել, անհրաժեշտ է, որ ՀՀ-ն երկաթուղային կապ ունենա թե՛ արևելյան ճանապարհով, այսինքն՝ գործի Իջևան-Ղազախ ճանապարհը, և թե՛ բացվի ՀՀ-Թուրքիա կապը»,-ասել է նա:
Ընդդիմադիր պատգամավորը ԵԽ-ում անդրադարձել է նաև արցախցիների վերադարձի իրավունքին։
«ԵԽ-ն բազմաթիվ բանաձևեր ունի, որով պահանջում է իրականացնել վերադարձի իրավունքը։ Իսկ այսօր Նիկոլ Փաշինյանը փորձում է արգելել մարդկանց վերադառնալ իրենց հայրենիքը, և ցավոք մենք այս ամենի քաղաքական արձագանքը տեսնում ենք նաև Եվրոպական խորհրդարանում։ Կփոխվի Նիկոլ Փաշինյանը, կփոխվի թե եվրոպական քաղաքականությունը, թե ամերիկյանը․ չեն կարող ակնկալել որևէ երրորդ երկրից ՀՀ-ի իշխանություններից ավելի հայանպաստ լինել»,- նշել է նա։
2022-ի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակվել է 5 ուղղությամբ, որոնցից 2-ը՝ Սյունիքի մարզում, 2-ը՝ Գեղարքունիքի, 1-ը՝ Վայոց Ձոր: ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն ասել էր, որ հակառակորդը մոտ 139 քառակուսի կիլոմետր տարածքում գտնվում է Հայաստanի ինքնիշխան տարածքում: