Ընթացող պատերազմների պայմաններում Հարավային Կովկասով անցնող առևտրային ուղիները դառնում են կարևոր, քան երբևէ. Կոս

Հյուսիսում և Հարավում ընթացող պատերազմների պայմաններում Հարավային Կովկասով անցնող առևտրային ուղիները դառնում են առավել կարևոր, քան երբևէ, Հայաստանում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ համատեղ ասուլիսին հայտարարեց ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը:

«Մհեր Գրիգորյանի հետ զրույցում մենք դիտարկեցինք, թե որտեղ կարող ենք բարելավել ենթակառուցվածքները Եվրոպայի և Ասիայի միջև փոխադրումների ժամանակն ու ծախսերը նվազեցնելու համար», – ասաց նա՝ հավելելով, որ 2022թ.-ից ի վեր այս ուղղությամբ բեռնափոխադրումների ծավալը քառապատկվել է:

Կոսը շեշտեց՝ ՀՀ-ԵՄ գործակցությունը սահմանափակված չէ միայն տնտեսությամբ. «Ես դիտարկում եմ սա նաև որպես խաղաղությանը նպաստող երևույթ»:

ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան ընդգծեց Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ, ինչը ողջունեց: Նրա խոսքով՝ սահմանային անցակետերի բացումը, ճանապարհների, կամուրջների կառուցումը կարող է միավորել և նվազեցնել կոնֆլիկտների ռիսկը:

ԵՄ հանձնակատարը Հայաստան էր այցելել նաև կես տարի առաջ: Նկատելով, որ իր այդ այցից հետո աշխարհն ավելի անկայուն է դարձել՝ Կոսը նշել է, որ սա ևս մեկ անգամ վկայում է, թե որքան կարևոր է գործընկերությունը Հարավային Կովկասում: Նա շեշտել է, որ Բրյուսելը Երևանն ընկալում է որպես վստահելի գործընկեր ու բարեկամ:

Մայիսին Հայաստանը կհյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, ապա առաջին անգամ կկայանա ՀՀ-ԵՄ գագաթնաժողովը:

«Սա վկայում է, թե որքան է բարձրացրել այս տարածաշրջանի կարևորությունը Եվրոպայի համար, և որքան է խորացել մեր գործընկերությունը», – ասաց Կոսը:

Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձնակատարը Հայաստան է՝ Եվրամիություն–Հայաստան գործընկերությունն ամրապնդելու նպատակով:

Նախատեսված է հանդիպում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Leave a Comment