«Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքի վերաբերյալ» շրջանակային համաձայնագրի նպատակն է խթանել խոշոր կատվազգիների պահպանության ոլորտում միջազգային համագործակցությունը եւ կանխել դրանց պոպուլյացիաների անկումը:
Հայաստանը համաձայնագիրը ստորագրել է 2025 թվականին: Համաձայնագրի վավերացման հարցը քննարկվել է Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 19-ի նիստում: Հարցը ներկայացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթեւոսյանն ու նշել, որ Հայաստանի հարուստ կենսաբազմազանության մեջ իր ուրույն տեղն ունի Կովկասյան ընձառյուծը (Panthera pardus ciscaucasica): Վերջինիս պահպանությունը միայն մեկ կենդանատեսակի պահպանություն չէ, այլ էկոհամակարգի հավասարակշռություն է եւ կենսամիջավայրի կայունության պահպանություն: Նշվել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում հանդիպում են նաեւ կատվազգիների այլ տեսակներ, ինչպիսիք են՝ լուսանը, եվրոպական անտառակատուն (Felis silvestris Schreber) եւ մանուլը (Otocolobus manul). վերջին երկուսը գրանցված են Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում:
Համբարձում Մաթեւոսյանի խոսքով անդամակցությունը միջազգային համագործակցությունը զարգացնելու, համատեղ հետազոտություններ իրականացնելու եւ կենսաբազմազանության պահպանության ոլորտում լավագույն փորձը կիրառելու հնարավորություն կտա:
Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: