Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Լաոսի նորանշանակ դեսպանը





Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության դեսպան Սիֆանդոն Օյբուաբուդդին:


 


Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու առթիվ և մաղթել արդյունավետ գործունեություն՝ ի նպաստ երկու երկրների հարաբերությունների զարգացման։


 


Նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Լաոսի միջև համագործակցությունը հետագայում կընդլայնվի՝ ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներ։


 


Դեսպան Օյբուաբուդդիը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ իր գործունեությամբ առավելապես կնպաստի երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը։


 


Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել քաղաքական, տնտեսական, կրթական և բարձր տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններին։ Կողմերը կարևորել են խորհրդարանական դիվանագիտության առաջմղումը՝ այն դիտարկելով որպես երկկողմ հարաբերությունների զարգացման կարևոր բաղադրիչ։


 


Շեշտվել է նաև պաշտոնական փոխայցելությունների դերը՝ որպես համագործակցության ամրապնդման և նոր ուղղությունների բացահայտման արդյունավետ միջոց։ Կողմերը նշել են, որ միջազգային հարթակներում սերտ համագործակցությունը կարող է ունենալ դրական նշանակություն՝ նպաստելով ընդհանուր օրակարգերի առաջմղմանը։


 


Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ընթացիկ տարում Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի COP համաժողովին, ինչպես նաև «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովին՝ ընդգծելով դրանց կարևորությունը որպես փոխգործակցությունը խորացնող և հարաբերությունները սերտացնող հարթակներ։


 


 


Leave a Comment