«Ակնկալում ենք սահմանադրական մեծամասնություն՝ տարածաշրջանային խաղաղությունն անշրջելի դարձնելու համար». Փաշինյան

«Ակնկալում ենք սահմանադրական մեծամասնություն՝ տարածաշրջանային խաղաղությունն անշրջելի դարձնելու համար», այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք ասում ենք, որ ակնկալու ենք, որ այս ընտրությունների արդյունքում ունենանք սահմանադրական մեծամասնություն, որովհետև սահմանադրական մեծամասնությունն է, որ կերաշխավորի, որ այն պրոցեսները, տարածաշրջանային խաղաղության համատեքստում, մենք կդարձնենք անշրջելի», – մասնավորապես նշեց նա:

«Ինչ վերաբերում է պատերազմի կուսակցությանը, ամեն օրվա հետ ինձ համար դառնում է ավելի ակնհայտ, որովհետև այդ կուսակցությունները և այդ շրջանակները առաջինն ասում են, որ իրենք դեմ չեն խաղաղությանը, երկրորդը՝ սկսում են խոսել, որ իրենց իշխանության գալու պարագայում սկսելու են վերանայել խաղաղությունը: Դա ես շատ ուղիղ, առանց սեթևեթանքի ուզում եմ ասել, որ պատերազմ է Հայաստանի Հանրապետության ոչ միայն տարածքային, այլև ինքնիշխանության կորստով: Նրանցից ոմանք ըստ ամենայնի չեն էլ հասկանում ինչ են ասում, որովհետև այն տեքստերը, որ իրենք արտասանում են, ինձ համար ակնհատ է, որ ուրիշ տեղեր են գրված, և նրանք պարզապես կարդացողի կարգավիճակում են», – ասաց Փաշինյանը:

Վարչապետը հավելեց՝ «այդ բոլոր ուժերը պատրաստում են նոր սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով»:

Անդրադառնալով նրան, որ ԵՄ-ն ապրիլին փորձագետների խումբ կուղարկի Հայաստան՝ դիմակայելու հիբրիդային սպառնալիքներին, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մենք համագործակցում ենք բոլոր այն գործընկերների հետ, որոնք ունեն գործիքներ հիբրիդային պատերազմի և մասնավորապես ապատեղեկատվության դեմ պայքարի»

«Հիբրիդային պատերազմն այն է, երբ վճարովի գործիքներով, ներառյալ արհեստական բանականության կիրառմամբ գրվում է, ես Դուբայում տուն ունեմ, Ֆրանսիայում տուն ունեմ, որ իմ ընտանիքի անդամները տարբեր երկրներում բնակարաններ, բիզնեսներ ունեն, Հայաստանում բիզնեսներ ունեն, միլիոններ ունեն շվեյցարական բանկերում, որ մենք օրգաններ ենք վաճառում», – նշեց Փաշինյանը:

Անցած դեկտեմբերին Բրյուսելից նախ հայտնել էին, որ պատրաստվում են 12 միլիոն եվրոյի աջակցություն տրամադրել Երևանին, որ օգնեն «ընտրություններին ընդառաջ հակահարված տալու ռուսական ապատեղեկատվության դեմ»։ Ավելի ուշ արդեն Եվրամիության արտգործնախարար Կալլասը հայտնել էր, որ հենց Երևանն է դիմել աջակցության խնդրանքով:

Հայաստանում հիբրիդային արագ արձագանքման խումբ տեղակայելու Եվրամիության մտադրությունն ընդդիմությունը համարել էր միջամտություն Հայաստանի ներքաղաքական կյանքին, իշխանությունը՝ աջակցություն, որ պայքարեն սպառնալիքների դեմ:

Leave a Comment