Անկանխիկ գործարքների աճը 2025 թվականին աճել է 51.4%-ով․ Էդուարդ Հակոբյան

2026 թվականի համար որպես աշխատանքային ուղենիշ ունենալով Պետական եկամուտների կոմիտեի առաքելությունն ու տեսլականը՝ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։

ՊԵԿ նախագահն ընդգծել է, որ 2025 թվականը Կոմիտեի համար եղել է արդյունքների և համակարգային բարեփոխումների զարգացման տարի։ Նրա խոսքով՝ նախորդ տարում արձանագրվել են շոշափելի ցուցանիշներ․ պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը կազմել են 2 տրլն 725.2 մլրդ դրամ։ Միաժամանակ, հարկ վճարողների հետ համատեղ ապահովվել է կառավարության ծրագրի 100.3% կատարողական, իսկ աճը նախորդ տարվա համեմատ կազմել է շուրջ 14%։

2025 թվականին աճ է գրանցվել նաև հիմնական հարկատեսակների գծով, մասնավորապես, ավելացել են եկամտային հարկի, ավելացված արժեքի հարկի, շահութահարկի և շրջանառության հարկի մուտքերը։ Ընդհանուր առմամբ, 2025 թվականին եկամտային հարկից ֆիզիկական անձանց վերադարձվել է 116,3 մլրդ ՀՀ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ցուցանիշը գերազանցել է 27,1 մլրդ ՀՀ  դրամով կամ 30.4%-ով։ Էդուարդ Հակոբյանը կարևորել է նաև անկանխիկ գործարքների աճը՝ նշելով, որ դրանց թիվը 2025 թվականին աճել է 51.4%-ով, և ներկայում արդեն գերակշռում են անկանխիկ գործարքները։

Անդրադառնալով օպերատիվ-հետախուզական միջոցառումների ոլորտում տեղի ունեցած վարքագծային փոփոխությանը՝ Էդուարդ Հակոբյանն ընդգծել, որ էապես աճել է թվային հետախուզական գործիքների կիրառումը և ներկայում դրանց մասնաբաժինը 6-7%-ից հասել է շուրջ 40%-ի, ինչը վկայում է թվային տեխնոլոգիաների զգալի ընդլայնման և ժամանակակից մոտեցումների կիրառման մասին, ինչպես նաև հարկ վճարողների նկատմամբ ավելի քաղաքակիրթ և թափանցիկ վերաբերմունքի մասին։

ՊԵԿ նախագահի խոսքով՝ նախորդ տարի շարունակվել են հարկային և մաքսային վարչարարության պարզեցման և թվայնացման ուղղությամբ իրականացվող բարեփոխումները։ Մասնավորապես, ներդրվել են հարկերի ավտոմատ փոխհատուցման մեխանիզմներ, պարզեցվել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգը և սահմանվել են կրիպտոակտիվների հարկման առանձնահատկությունները։  Ամբողջությամբ կատարելագործվել է հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորման համակարգը։

Մի շարք բարեփոխումներ են իրականացվել նաև մաքսային ոլորտում, մասնավորապես, իրականացվել են գործընթացների արագացման և սահմանային ենթակառուցվածքների արդիականացման աշխատանքներ, որի արդյունքում նվազել են զննման դեպքերը, և ավելացել է «կանաչ ուղի» մաքսային ընթացակարգով ձևակերպվող հայտարարագրերի թիվը։ 2025 թվականին նախնական մաքսային հայտարարագրման համակարգից օգտվել է 377 կազմակերպություն՝ 2024 թվականի համեմատ գրանցելով 49% աճ։

Ամփոփելով՝ ՊԵԿ նախագահը նշել է, որ արձանագրված ցուցանիշները վկայում են տնտեսական ակտիվության աճի, հարկային կարգապահության բարելավման և կառավարման համակարգի շարունակական արդիականացման մասին, ինչպես նաև այն մասին, որ փոխվել է ՊԵԿ վարչարարության գործիքակազմը՝  դառնալով ավելի խելացի, հեռավար և վերլուծական։ Զեկույցի ավարտին Էդուարդ Հակոբյանը վստահեցրել է, որ Կոմիտեն շարունակելու է հետևողական աշխատանքը՝ ապահովելու ավելի արդար, թափանցիկ և տեխնոլոգիապես զարգացած հարկային ու մաքսային միջավայր։

Leave a Comment