Իրանի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականի անդամները, ովքեր Ասիայի գավաթի խաղարկության ժամանակ հրաժարվել էին երգել երկրի օրհներգը և ապաստան էին հայցել Ավստրալիայում, վերադարձել են հայրենիք:
Պատվիրակության յոթ անդամներ, որոնք Իրանում որակվել էին որպես «դավաճաններ», նախորդ շաբաթ փորձել էին ստանալ քաղաքական ապաստան, սակայն նրանցից հինգը, այդ թվում՝ թիմի ավագ Զահրա Ղանբարին, փոխել են իրենց որոշումը:
Ֆուտբոլիստուհիները Իրան են ժամանել ցամաքային ճանապարհով՝ Թուրքիայի Իգդիր քաղաքից անցնելով Գուրբուլակ-Բազարգան սահմանային կետը: Հավաքականի մարզահագուստով աղջիկները Թուրքիա էին ժամանել Օմանի և Մալայզիայի տարանցիկ չվերթներով, իսկ Կուալա Լումպուրի օդանավակայանում նրանցից մեկը լրագրողների հետ զրույցում նշել է, որ վերադարձի հիմնական պատճառը ընտանիքի հանդեպ կարոտն է եղել:
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, մեկնաբանելով մարզուհիների վերադարձը, նրանց անվանել է «հայրենիքի զավակներ» և հայտարարել, որ իրանցի ժողովուրդը նրանց գրկաբաց է ընդունում:
Ըստ Ղալիբաֆի՝ ֆուտբոլիստուհիները իրենց քայլով հուսախաբ են արել «Իրանի թշնամիներին» և չեն տրվել «հակաիրանական տարրերի» սպառնալիքներին ու խաբեությանը: Ի վերջո, Ավստրալիայում ապաստանած յոթ հոգուց միայն երկուսն են որոշել մնալ այնտեղ, մինչդեռ թիմի հիմնական կազմն արդեն հայրենիքում է:
