Թիրախավորված քաղաքներում նաև հայեր են ապրում. Չերնոմորյան – Tsayg

Արտյոմ Չերնոմորյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Գիշերը շատ դաժան էր ու երկրի կենտրոնում ևս 2 զոհ գրանցվեց, 2 տարեց զույգ հրթիռակոծության արդյունքում սպանվեցին։ Իրանը միայն արձակում է կասետային միջուկներով հրթիռներ, որը օդում խոցելուց հետո էլ բավական լուրջ վնասներ է տալիս ընկնելով խաղաղ բնակչության վրա։

Պետախ Տիկվան, Թել Ավիվը, Ռամատ Գանը, Խոլոնը և մի շարք այլ կենտրոնական քաղաքներ մնում են պարսիկ հրթիռասեր պատանիների ուշադրության կենտրոնում։ Հյուսիսային քաղաքների մասին, որոնք Հեզբոլլահի անմիջական թիրախավորման տակ են հայտնվել, էլ չեմ ասում։ Պետախ Տիկվայում մոտ 1000 հայ է ապրում բոլորը հիմնականում Հայաստանից։ Պարսիկ բարեկամներ մեր քաղաքում նավահանգիստ չկա, բազա չկա, ռադառ չկա, տանկ չկա, ուղղաթիռ չկա, միայն 3 հատ հիվանդանոց կա, դպրոցներ ու մանկապարտեզներ, ինչ եք ուզում, հա մոռացա ատոմային ռումբ էլ չունենք, ջնջեք մեր քաղաքը ձեր քարտեզներից։

Խոստացել էին դաժան գիշեր, այո դաժան էր, չթողեցին քնեինք ողջ գիշեր՝ մեր մոտ աստղային պատերազմ էր, բայց ձայնը գալիս էր գլխավերևից և ոչ հեռուստացույցից։

Սիրելի հայրենակիցներ տագնապից առաջ ստացված հաղորդագրությունը մի անտեսեք, մտեք պաշտպանված ռմբաստարաններ, դեռ այս պատերազմը չի ավարտվել»,-գրել է նա:

Leave a Comment