18 մարտի 2026 – 15:59 AMT
PanARMENIAN.Net – ԱՄՆ դատարան արգելափակել է Դոնալդ Թրամփի վարչակազմի նախաձեռնությունը, որը նախատեսում է «Ամերիկայի ձայն» (Voice of America, VOA) մեդիա կազմակերպությունում հարյուրավոր աշխատակիցների աշխատանքից ազատում։
ԱՄՆ շրջանային դատավոր Ռոյս Լամբերթը կարգադրել է, որ VOA-ի ավելի քան հազար աշխատակիցներ մինչև մարտի 23-ը վերադառնան աշխատանքի։ Դատարանը նաև հանձնարարել է վերականգնել կազմակերպության միջազգային հեռարձակումը, հայտնում է «Ազատությունը»:
Դատավոր Լամբերթն իր որոշման մեջ նշել է, որ Միացյալ Նահանգների Գլոբալ մեդիայի գործակալության (USAGM) փորձերը՝ դադարեցնելու արտասահմանյան հեռարձակմամբ զբաղվող VOA-ի գործունեությունը, հակասել են օրենքին։
Ավելի վաղ՝ սեպտեմբերին, Լամբերթը արդեն կիրառել էր ժամանակավոր արգելանք՝ կասեցնելով USAGM-ում նախատեսված կրճատումները։
USAGM-ի նախկին ղեկավար Քերի Լեյքը, որին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էր նշանակել, անցած տարվա օգոստոսին հայտարարել էր այդ կրճատումների մասին։ Դրանից առաջ՝ մարտին, Թրամփը ստորագրել էր հրամանագիր, որը նախատեսում էր զգալի կրճատումներ ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող «Ամերիկայի ձայն» մեդիա կազմակերպությունում։
1942 թվականին՝ նացիստական քարոզչությանը հակազդելու նպատակով ստեղծված «Ամերիկայի ձայնը» երկար ժամանակ դիտարկվել է որպես ԱՄՆ արժեքները արտերկրում տարածելու կարևոր գործիք։ Չնայած այն հանգամանքին, որ իրավական մեխանիզմները նախատեսված են պաշտպանելու դրա խմբագրական անկախությունը քաղաքական ազդեցությունից, Թրամփը բազմիցս հակասություններ է ունեցել այդ մեդիա կազմակերպության հետ։