Ինչպես արդեն հայտնել ենք, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովն այսօր քննարկել եւ դրական եզրակացություն է տվել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին եւ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին նախագծին։
Նախագծերով առաջարկվող լրացումներով եւ փոփոխություններով օրենսդրորեն կվերանայվեն սոցիալական եւ նյութական անկախության լրացուցիչ երաշխիքները Սահմանադրական դատարանի դատավորների համար, որի արդյունքում Սահմանադրական դատարանի նախագահին, փոխնախագահին եւ դատավորներին օրենքով սահմանված կարգով կվճարվի նրանց բարձր կարգավիճակին եւ պատասխանատվությանը համապատասխան՝ դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի համար հավելավճար հետեւյալ չափերով՝ 1 պաշտոնավարման երկրորդ տարում՝ 20 տոկոսի չափով, երրորդ տարում՝ 35 տոկոսի չափով, չորրորդ տարվանից սկսած յուրաքանչյուր հաջորդ տարում՝ նախորդ տարվա համար նախատեսված հավելավճարի չափից 10 տոկոս ավելի չափով:
Մասնավորապես սահմանվում է՝
«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի եւ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախա՟գծերի ընդունմամբ 2026 թվականի համար Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահների եւ 7 դատավորների մասով տվյալ պաշտոններում պաշտոնավարման դիմաց աշխատանքային ստաժի հիման վրա վճարվելիք հավելավճարի մասով 46.775.040 ՀՀ դրամի (Սահմանադրական դատարանի նախագահ՝ 7.787.520 ՀՀ դրամ, փոխնախագահ՝ 5.790.720 ՀՀ դրամ, 7 դատավորներ՝ 33.196.800 ՀՀ դրամ) ծախսն իրենից ենթադրում է լրացուցիչ ծախսային պարտավորություն:
Նիստի ավարտի Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ չեն փոփոխում դրույքաչափերը, քանի որ գործակիցներ սահմանող օրենսդրական ակտն ամբողջությամբ փոփոխության կարիք ունի եւ դա հանրային կառավարման ոլորտի բարեփոխումների համատեքստում ենթարկվելու է հստակ փոփոխության՝ ներառելով այն բոլոր փոփոխությունները, որոնք մինչ այս պահը կատարվել են։
«Այսինքն, հավելավճարների հաշվարկման մեխանիզմները, որոնք պիլոտային փուլերով են անցնում այս պահի դրությամբ, միանշանակ իրենց տեղն են գտնելու, պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքներում։ Մինչեւ այդ օրենքի ընդունումը սա կարող ենք համարել որպես միջանկյալ լուծում»,- ասաց նախարարը, հավելելով, որ աշխատավարձի վերանայումները կարվեն ըստ աշխատանքային ստաժի։
«Գուցե 200-300 հազար, գուցե 400 հազարի չափով, բայց ըստ տարիների»,- ամփոփեց նախարարը։