Վիրահայոց թեմը ցավակցություն է հայտնել Իլիա II մահվան կապակցությամբ

Վիրահայոց թեմը ցավակցություն է հայտնել Իլիա II մահվան կապակցությամբ

18 մարտի 2026 – 14:44 AMT

PanARMENIAN.Net – Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը իր խորին ցավակցությունն է հայտնել Վրաց ուղղափառ եկեղեցուն, վրաց ժողովրդին և Վրաստանի ամբողջ բնակչությանը՝ Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա II մահվան կապակցությամբ։ Այդ մասին ասվում է Վրաստանի հայոց թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի ցավակցական ուղերձում։

Ուղերձում նշվում է, որ Իլիա II անունը հավերժ մնալու է որպես ազգի հոգևոր հայր և վրաց ժողովրդի փրկության խորհրդանիշ, հայտնում է Panorama.am-ը:

«Կաթողիկոս-պատրիարք Իլիա II ամբողջ կյանքը, նրա նվիրվածությունը եկեղեցուն, հոգևոր ծառայությանը, իր ժողովրդին և ամբողջ մարդկությանն անջնջելիորեն գրված է հոգևոր պատմության էջերում։ Նրա անունը հավերժ կմնա որպես ազգի հոգևոր հայր և վրաց ժողովրդի փրկության խորհրդանիշ։ Վրաստանի հայոց թեմը՝ թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի գլխավորությամբ, աղոթում է Աստծուն, որ Նա հանգուցյալի հոգուն պարգևի Իր երկնային լույսը», – ասվում է ցավակցական ուղերձում։

Վախճանվել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը: Նա 93 տարեկան էր:Իլիա Երկրորդի առաջնորդության տարիներին Վրաստանում, հատկապես 1980-ականներին, տեղի է ունեցել ուղղափառության լայնածավալ վերածնունդ։ Վերջին տասնամյակներում երկրում թեմերի թիվը հասցվել է 43-ի։ Եթե 1977 թվականին Վրաստանում գործել է ընդամենը 48 եկեղեցի, ապա այժմ դրանց թիվը հասել է մոտ 1000-ի։

Նրա օրոք բացվել են նոր հոգևոր կրթական հաստատություններ, այդ թվում՝ Թբիլիսիի հոգևոր ակադեմիան։ Թբիլիսիում կառուցվել է նաև երկրի ամենամեծ տաճարը՝ Սուրբ Երրորդության պատրիարքական մայր տաճարը։

Leave a Comment