Նախագծերի փաթեթի ընդունումն ուղղված է անշարժ գույքի գնորդների իրավունքների լիարժեք եւ արդյունավետ պաշտպանությանը

Կառուցապատման ոլորտն իրենից ներկայացնում է բարդ ու բազմաշերտ իրավահարաբերություններ եւ լինելով տարբեր գործողությունների հաջորդականություն՝ այս ոլորտում ի հայտ են գալիս այնպիսի խնդիրներ, որոնք ստեղծում են կառուցվող շենքից անշարժ գույք գնելու գնորդների իրավունքի, ըստ այդմ՝ սեփականության իրավունքի խախտման նախադրյալներ: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը՝ մարտի 18-ին հրավիրված ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելով «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով:

Փոխնախարարի խոսքով կառուցապատման ոլորտում իրականացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գործնական խնդիրները մեծամասամբ կապված են հողամասերի հետ, ինչն էլ պայմանավորված է դրանց՝ որպես սեփականության իրավունքի օբյեկտի առանձնահատկություններով, այդ թվում՝ կառուցապատման եւ օգտագործման իրավունքների բարդ կառուցակարգերով: Բացի այդ, հողամասերը կարող են լինել նաեւ համայնքի կամ պետության սեփականություն, ինչն էլ երբեմն առաջ է բերում պետական եւ համայնքային շահերի պաշտպանության անհրաժեշտություն:

Արդյունքում, գործնականում հանդիպում են դեպքեր, երբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց շահերի պաշտպանության հայցի առարկան կազմում են այն հողամասերն ու դրանց նկատմամբ սեփականության իրավունքը, որոնց վրա առկա է կառուցված շենք, որն էլ ծանրաբեռնված է անձանց գնելու իրավունքով: Գործող իրավակարգավորումների պայմաններում հողամասի սեփականության իրավունքի վերաբերյալ դատական վեճի առկայությունը խոչընդոտում է անշարժ գույքի նկատամբ գնորդների սեփականության իրավունքի գրանցումը՝ հաշվի առնելով, որ սեփականության իրավունքը տարածվում է նաեւ հողամասի եւ ընդհանուր օգտագործման տարածքների համապատասխան բաժնային մասի վրա, մինչդեռ հողամասի պատկանելիության հարցը դատական քննության առարկա է:

Ուստի, անհրաժեշտ է օրենսդրությամբ ամրագրել նման հայցերի շրջանակում շենքի տակ գտնվող եւ այն սպասարկող հողամասի սեփականության իրավունքի կապակցությամբ դատական վեճ առաջանալու հնարավոր դեպքերում գնորդների իրավունքների պաշտպանության արդյունավետ ընթացակարգեր եւ կառուցակարգեր:

Նախագծերով առաջարկվում է շենքի տակ գտնվող հողամասի սեփականության իրավունքը վիճարկելու դեպքերում մինչեւ վեճի լուծումը հողամասի եւ ընդհանուր օգտագործման տարածքների համապատասխան բաժնային մասի նկատմամբ օրենքի ուժով երաշխավորել գնորդների գույքային իրավունքները:

Օրենսդրական փաթեթով երաշխավորվում է նաեւ շենքի եւ հարակից հողամասի սեփականության իրավունքի դատական վիճարկման դեպքերում գնորդների օրինական ակնկալիքների պաշտպանությունը՝ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման իրավական խոչընդոտների դեպքում նրանց վերապահելով դրա օգտագործման իրավունք, ինչի ուժով անշարժ գույքի սեփականատեր գնորդներն օրենքի ուժով ստանում են իրենց շահերից ելնելով, առանց սեփականատիրոջ միջամտության կամ համաձայնության, հողամասն օգտագործելու՝ պետության կողմից երաշխավորված ու ճանաչված իրավունք:

Նախագծերի փաթեթի ընդունումն ուղղված է անշարժ գույքի գնորդների իրավունքների լիարժեք եւ արդյունավետ պաշտպանությանը՝ ստեղծելով հստակ, կանխատեսելի եւ կայուն գործիքակազմեր:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Մինասյանը հարակից զեկույցում ընդգծել է, որ վերոնշյալ խնդրի լուծման առնչությամբ իրենց դիմել են քաղաքացիներ, եւ օրենսդրական փաթեթը միտված է դրա լուծմանը:

Նախագծերի փաթեթը ստացել է դրական եզրակացություն:

Leave a Comment